Մոսկվացի փորձագետների եզրակացրել են, որ «Դալմա Գարդեն մոլ»-ի շենքը կառուցվածքային խնդիր չունի

Armenpress 18:51, 15 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դալմա Գարդեն մոլ»-ի շենքը կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի, բանավոր եզրակացրել են Մոսկվայից ժամանած փորձագետները։ «Դալմա Գարդեն մոլ»-ի ղեկավարությունը նաև դիմել է պետական մարմիններին գրավոր եզրակացություն ստանալու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Դալմա Գարդեն մոլ»-ից։

«Հունվարի 9-ին Դալմա Գարդեն մոլի շենքի մի հատվածում նկատվեց վիբրացիա, որի արդյունքում ղեկավարությունը տարհանեց մոլում ներկա հաճախորդներին և աշխատակիցներին՝ ելնելով անվտանգության կանոններից, որից հետո մոլում սկսվեցին հետազոտական աշխատանքներ խնդիրը հասկանալու համար։

ԱԻՆ-ի կողմից հերքվեց այն հանգամանքը, որ վիբրացիան կարող էր առաջացած լինել երկրաշարժի արդյունքում։ Քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվեց բանավոր եզրակացություն այն մասին, որ օդափոխության համակարգի անսարքության հետևանքով տեղի է ունեցել անհարմարություն առաջացնող վիբրացիա, ինչը վտանգ չի ներկայացնում։

Միևնույն ժամանակ Դալմա Գարդեն մոլը, լինելով պատասխանատու կազմակերպություն, որը մարդկանց կյանքն ավելի բարձր է գնահատում, քան շահույթի ստացումը, նախաձեռնեց միջազգային մասնագետների կողմից տարածքի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Այդ առիթով Մոսկվայից հրավիրվեցին ոլորտի մասնագետներ։

Առայժմ նշված մարմինների և մասնագետների կողմից տրված բանավոր եզրակացությունների համաձայն՝ շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի։ 

Միևնույն ժամանակ ղեկավարությունը դիմել է պետական մարմիններին գրավոր եզրակացություն ստանալու համար։

Դալմա Գարդեն մոլը հավատարիմ է մնում իր արժեքներին, ղեկավարությունը կշարունակի գործել՝ ելնելով իր հաճախորդների և գործընկերների շահերից և կվերսկսի իր բնականոն աշխատանքը 7-10 օրվա ընթացքում, երբ կունենանք պետական մարմիններից գրավոր եզրակացություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am