Ներդրողներին Հայաստան բերելու գործառույթը չի սահմանափակվում աջակցման կենտրոնի ակտիվությամբ. նախարար

Armenpress 16:53, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու գործառույթը չի սահմանափակվում միայն Ներդրումների աջակցման կենտրոնի ակտիվությամբ, նախարարությունն աշխատում է նաև միջազգային կազմակերպությունների հետ և այլ ուղղություններով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Գործառույթ, թե ինչպես կարելի է օտարերկրյա ներդրողներին Հայաստան բերել, մենք ունենք, սակայն դա չի սահմանափակվում միայն Ներդրումների աջակցման կենտրոնի ակտիվությամբ: Տարբեր էլեկտրոնային հարթակներով և տարբեր պաշտոնական այցերի շրջանակներում հանդիպելով հատկապես թիրախային շուկաներում՝ ներդրումային շրջանակում մենք ներկայացնում, պատմում ենք այն հնարավորությունների մասին, որոնք առկա են Հայաստանում: Դրանք վերաբերվում են երկկողմ հարաբերությունների շրջանակում նման հնարավորությունների օգտագործմանը: Աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ: Դրա նպատակն է առավել ընդհանուր եղանակով Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացնել միջազգային ներդրումային համայնքին, բացահայտել այն առավելությունները, որ օտարերկրյա  ներդրողները կարող են գտնել Հայաստանում»,-ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով Ներդրումների աջակցման կենտրոնի գործառույթներին՝ նախարարը նշեց, որ այն  ուղղված է Հայաստանում գործելու պլաններ ունեցող կազմակերպությունների՝ այստեղ առաջացող հարցերը կարգավորելու աջակցությանը: Կենտրոնն աջակցում է, որ այն հարցերը և խնդիրները, որոնք առաջանում են հատկապես պետական կառավարման մարմինների հետ հարաբերություններում՝ կապված տարբեր թույլտվությունների ստացման, տարբեր ընթացակարգերով անցնելու խնդրի հետ, ստանան արագ լուծում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am