Ռումինիայի հայոց թեմի առաջնորդն այցելել է Բուլղարիայի մի շարք հայկական ծուխեր ու քաղաքներ

Armenpress 19:06, 13 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով Բուլղարիայի հայոց թեմի դերն ու նշանակությունը, տեղի հայ համայնքների ակտիվությունն ու ներգրավվածությունը հոգևոր ու ազգային կյանքում ընթացող իրադարձություններին՝ 2019թ. դեկտեմբերի 7-ից 2020թ. հունվարի 5-ը ընկած ժամանակահատվածում Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հովվական այցով եղել է Բուլղարիայի մի շարք հայկական ծուխերում ու քաղաքներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի հայոց թեմի մամուլի դիվանից։

«Դեկտեմբերի 7-ին Սրբազան Հայրն այցելեց Սիլիստրա, ուր Սուրբ Պատարագ մատուցեց 1620թ. վեր խոյացած տեղի Ս. Աստվածածին հայոց եկեղեցում, ծանոթացավ տեղի հայ համայնքի անդամների հետ` ուղեկցությամբ Ռուսեի հոգևոր հովիվ արժ. Տ. Տիրայր քահանա Հադավյանի: Այցի ընթացքում Սրբազանը պաշտոնական հանդիպում ունեցավ նաև Սիլիստրայի Մետրոպոլիտ Ամվրոսիյ Դորոստոլսկիի հետ:

Դեկտեմբերի 8-ին Տաթև Սրբազանն այցելեց Բուրգաս, ուր տեղի Ս. Խաչ եկեղեցում (1853թ.) հրաժեշտի Սուրբ Պատարագ մատուցեց արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանը: Հավարտ Պատարագի Սրբազանն իր գնահատանքը բերեց Տեր Հորն իր արժանապատիվ և նվիրյալ ծառայության համար, մաղթեց նոր հաջողություններ հովվական առաքելության մեջ, այնուհետ ծանոթացավ տեղի հայ համայնքի հետ և իր օրհնությունը բաշխեց հավատացյալ ժողովրդին:

Շարունակելով իր այցելությունները՝ դեկտեմբերի 15-ին Սրբազանն այցելեց Ռուսե, ուր Սուրբ Պատարագ մատուցեց 1610թ. կառուցված և 1832թ. վերակառուցված տեղի Ս. Աստվածածին եկեղեցում, ապա հանդիպեց Ռուսեի Մետրոպոլիտ Նաում Չեռվենսկիի հետ` ուղեկցությամբ Ռուսեի հոգևոր հովիվ արժ. Տ. Տիրայր քահանա Հադավյանի:

Դեկտեմբերի 22-ին Տաթև Սրբազանն այցելեց քաղաք Յամբոլ, ուր Ս. Հակոբ Մծբնայ Հայրապետի տոնի առթիվ Ս. Պատարագ մատուցեց նորակառույց Ս. Հակոբ եկեղեցում (2017թ.), կատարվեց նաև մատաղօրհնություն, Սրբազանը ծանոթացավ տեղի հայ համայնքի անդամների հետ և իր օրհնությունը բաշխեց հավատացյալ ժողովրդին:

Դեկտեմբերի 24-ին, ուղեկցությամբ Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի, Սրբազանն այցելեց քաղաք Պազարջիկ, ուր Ս․ Ստեփանոս նախավկայի տոնի առթիվ Ս․ Պատարագ մատուցեց 2011թ. կառուցված Ս. Ստեփանոս եկեղեցում, կատարվեց նաև մատաղօրհնություն և ծանոթություն տեղի հայ համայնքի անդամների հետ: Հավարտ Պատարագի Սրբազան Հայրը շնորհավորեց Պլովդիվի երկար տարիների հոգևոր հովիվ, ներկայումս Պազարջիկի այցելու հովիվ արժ. Տ. Գևորգ ավագ քահանա Խաչերյանին ծննդյան 80 ամյա հոբելյանի առիթով` մաղթելով քաջառողջություն, անսահման եռանդ, ուժ և կարողություն, Աստծո օրհնություններն ու շնորհները:

Դեկտեմբերի 25-ին, Ս․ Ստեփանոս նախավկայի տոնի առթիվ, ուղեկցությամբ Տ. Հրաչ քահանա Մուրադյանի, Տաթև Սրբազանն այցելեց Խասկովո քաղաք, ուր Պատարագ մատուցեց 1923թ. կառուցված Ս. Ստեփանոս եկեղեցում, կատարվեց նաև մատաղօրհնություն և ծանոթություն տեղի հայ համայնքի անդամների հետ: Հավարտ Ս․ Պատարագի Հայկական շաբաթօրյա դպրոցի և գրադարանի մասնաշենքի մուտքի  պատին, նախաձեռնությամբ տիար Տիգրան Բալաբանյանի, տեղադրվեց հուշատատխտակ` Խասկովոյի  Հայոց լեզվի երկարաժամկետ ուսուսչուհի հանգուցյալ տիկ․ Մեսրոպուհի Թանգարանյանի հիշատակին։ Ապա՝  Մշակույթի տանը համայնքի փոքրիկների կողմից բեմականացվեց ամանորյա հանդես։

Դեկտեմբեր 29-ին Տաթև Սրբազանն այցելեց քաղաք Վառնա, ուր մատուցեց տարեվերջյան Պատարագ 1844թ. կառուցված Ս. Սարգիս եկեղեցում, կատարեց նուռօրհնեքի արարողություն և իր օրհնությունը բաշխեց տեղի հայ համայնքի անդամներին: Հիշատակելի է, որ արժ. Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանի Վառնայում ծառայությունը դադարացնելուց հետո, շուրջ հինգ ամիս Վառնայի հայոց եկեղեցում պատարագ չէր մատուցվել: Հայ համայնքի անդամները հնարավորություն ստացան նորից մասնակցելու սրբազան Պատարագի արարողությանը և հաղորդվելու Տիրոջ փրկարար Մարմնին ու Արյանը:

2020թ. հունվարի 4-ին և 5-ին, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահը եղավ Բուրգասում և Վառնայում՝ մատուցելով Ս. Ծննդյան Պատարագներ և կատարելով Ջրօրհնեքի սրբազան արարողություն:

Թեև այսօր Բուլղարիայի հայության թվաքանակի վերաբերյալ տարբեր աղբյուրներ տալիս են տարբեր տվյալներ, բայց ըստ ոչ պաշտոնական տվյալների Բուլղարիայի հայ համայնքը բավականին մեծաթիվ է՝  մոտ 20 հազար։ Ներկայումս Բուլղարիայի ամենահայաշատ բնակավայրերն են Պլովդիվը՝ մոտ 7000 հայեր, Վառնան՝ մոտ 5000 հայեր, Սոֆիան՝ մոտ 4000 հայեր, Բուրգասը՝ մոտ 1500 հայեր և Ռուսեն՝ մոտ 1000 հայեր։ Ոչ մեծաթիվ հայկական համայնքներ կան նաև Շումենում, Խասկովոյում, Յամբոլում, Պազարջիկում, Դոբրիչում, Ստարա Զագորայում, Սլիվենում և Սիլիստրայում:

Այսօր Բուլղարիայում իրենց գործունեությունն են ծավալում մի շարք հայկական մշակութային, մարզական, կրթական և այլ կառույցներ, որոնք Հայ Եկեղեցու հետ միասին խթանում են հայկականության և հայի ոգու պահպանմանը, կազմակերպվում են ներհամայնքային և միջպետական ծրագրեր ու միջոցառումներ՝ համագործակցությամբ տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Ակտիվ գործունեություն են ծավալում Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու Հայ Դատի գրասենյակն իրենց բոլոր կառույցներով ու մասնաճյուղերով: Բուլղարահայ համայնքում իրենց մասնաճյուղերն ունեն և հասարակական, մշակութային ու այլ բնագավառներում ակտիվ գործունեություն են ծավալում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Սոֆիայում, Վառնայում, Պլովդիվում և Բուրգասում։ Պլովդիվի մասնաճյուղը ենթամասնաճյուղեր ունի Դոբրիչում, Ռուսեում, Սիլիստրայում, Սլիվենում և Յամբոլում, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ)՝ Սոֆիայում, Վառնայում, Բուրգասում, Պլովդիվում, Ռուսեում, Շումենում, Հայ օգնության միությունը (ՀՕՄ)՝ Սոֆիայում, Վառնայում, Պլովդիվում, Բուրգասում և հայաշատ այլ քաղաքներում ։

Բացի համազգային կառույցների մասնաճյուղերից, բուլղարահայ համայնքում գործում են նաև բազմաթիվ տեղական համայնքային կառույցներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում՝ հասարակական, հոգևոր-եկեղեցական, կրթամշակութային, տեղեկատվական: Կրթամշակութային ոլորտում ակտիվ է դեռևս 1944թ. ստեղծված «Երևան» միությունը, որի կենտրոնական վարչությունը գտնվում է Սոֆիայում:

Ներկայումս Բուլղարիայի հայ համայնքի տեղեկատվական ռեսուրսները կազմում են երեք տպագիր և մեկ էլեկտրոնային լրատվամիջոցները։ Տպագիր լրատվամիջոցներն են «Երևան» շաբաթաթերթը (Սոֆիա, 1944թ-ից), «Վահան» շաբաթաթերթը (Պլովդիվ, 1991թ-ից) և «Բարեգործականի ձայն» երկշաբաթաթերթը (Պլովդիվ, 2004թ-ից)։ Իսկ որպես էլեկտրոնային ռեսուրս հանդես է գալիս «Կանթեղ Արարատյան» պաշտոնական վեբկայքը (https://gantegh.agbubulgaria.org

Ուստի պատահական չէ, որ Վեհափառ Հայրապետի կողմից Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ նշանակվելուց հետո Տաթև Սրբազանն իր մշտական հոգածության և ուշադրության կենտրոնում է պահում թեմը, որի վառ վկայությունն են բազմաթիվ այցելությունները, պաշտոնական հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները ինչպես տեղային իշխանությունների, այնպես էլ Բուլղար Ուղղափառ Եկեղեցու հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցության ոլորտներն ու առավել աշխուժացնել: Պետք է արձանագրենք նաև, որ բուլղարական իշխանություններն ու հասարակությունը հոգատար վերաբերմունքը ունեն հայ համայնքի և պատմամշակութային ժառանգության նկատմամբ և իրենց աջակցությունն ու մասնակցությունն են բերում հայ համայնքի կողմից կազմակերպվող միջոցառումներին։

Այցելելով Բուլղարիայի հայոց թեմի հայաշատ և մանավանդ ոչ հայաշատ ծուխեր՝ Տաթև Սրբազանի տեսլականն է նորից ակտիվացնել ու նոր զարկ, շունչ հաղորդել այդ համայնքներին, հնարավորություն ստեղծել, որպեսզի հայոց բոլոր եկեղեցիներում հնչի հայերեն աղոթք և մատուցվի սրբազան Պատարագ: Իր բոլոր այցելությունների, քարոզների և ելույթների ժամանակ Առաջնորդական Տեղապահը մշտապես հորդորում է չհեռանալ Մայր Եկեղեցուց ու հավատքից, պահել հայի ոգին ու շունչը, քանզի Հայ Եկեղեցին է, որ մշտապես ամփոփել, հավաքել և սերնդսերունդ է փոխանցել բուլղարահայության բոլոր ավանդությունները, ինչպես ծնող իր թևերի տակ է առել իր վիրավոր զավակներին և քրիստոնեական ոգով դաստիարակել: Պետք է հավատարիմ մնալ նախնիների սրբազան հավատքին, գործին, հոգևորական կամ աշխարհական, բոլորի գերագույն պարտականությունը պիտի լինի բաց պահել հայ եկեղեցիները, լեցուն պահել հայ եկեղեցիները, իր նվիրյալ սպասավորներով հանդերձ, որովհետև օտարության մեջ, հայրենիքից հեռու Հայ եկեղեցին է միակ այն վայրը, ուր հայերի հոգիները նորոգվում և ինքնամաքրվում են:

Նշենք նաև, որ բոլոր այցելությունների ժամանակ Առաջնորդական Տեղապահին մշտապես դիմավորել և ուղեկցել են համայնքների հոգևոր հովիվները, եկեղեցական վարչությունների ատենապետերն ու անդամները: Առաջիկայում Առաջնորդական Տեղապահն մեկնելու է այն համայնքներ ու ծուխեր, ուր այս ընթացքում դեռևս չի հասցրել այցելել»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am