Նկարիչ Սուրեն Մեսրոպյանի կտավները մեծ ուշադրության են արժանացել Սլովակիայում

Armenpress 17:55, 11 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ նկարիչ Սուրեն Մեսրոպյանը անհատական ցուցահանդեսով է ներկայացել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում` ցուցադրելով բազմաբովանդակ կտավներ` հարուստ գունային բազմազանությամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նկարիչն ասաց, որ ցուցահանդեսի համար ընտրվել է «Դոն Կիխոտը ծիծաղում է» խորագիրը: Համադրողները փորձել են ընդգծել նկարչի երիտասարդությունը, ռոմանտիզմն ու արկածախնդրությունը:

Մեսրոպյանը պատմեց, որ Սլովակիա է մեկնել 2016 թվականին` ճամփորդելու, այնտեղ ստեղծագործելու նպատակով: «Սա իմ երկրորդ անհատական ցուցահանդեսն է այստեղ. հիմնականում իմպրեսիոնիզմից ոգեշնչված կտավներ են ներկայացվել: Ընդգծեմ, որ նկարչությունն իմ կյանքն է դեռ փոքրուց, իսկ հիմա ավելի եմ մասնագիտանում: Իմ ստեղծագործություններում օգտագործում եմ բոլոր գույները. չունեմ սիրելի կամ չսիրած գույներ: Այս կամ այն ներկն ընտրում եմ ըստ տպավորության, տրամադրության: Կարծում եմ` ամեն գույն իր յուրահատկությունն ունի և շատ ազդեցիկ է: Կարևոր է, թե նկարիչն ինչ ուղերձ է դնում այդ գույնի մեջ, ինչպես է տեսնում ու վերարտադրում` հրամցնելով մարդկանց»,-նշեց Սուրենը:

Նկարչի ցուցահանդեսին անդրադարձել է Սլովակիայի հանրային հեռուստաընկերությունը` նշելով, որ Սուրեն Մեսրոպյանը հեռանկարային ու հետաքրքիր  ստեղծագործող է: «Հեռուստաընկերության պատրաստած նյութում խոսում է արվեստաբան, համադրող Լյուբոսլավ Մոզան, որը պատմում է մեր ծանոթության մասին: Նա հիշեցնում է, որ ես սոցիալական ցանցով նրան եմ ուղարկել իմ ստեղծագործությունները, որոնք հավանել է ու աջակցել ցուցահանդեսի կազմակերպման գործում»,-ներկայացրեց Մեսրոպյանը:

Սուրենն ընդգծեց, որ ճանապարհորդությունները, այլ մշակույթներին ծանոթանալը մեծ ազդեցություն են ունենում ստեղծագործող մարդու աշխարհընկալման վրա, բայց ինքը վերադառնալու է հայրենիք: Հնարավոր է` ցուցահանդեսով հանդես գա նաև Հայաստանում:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները տրամադրել է Սուրեն Մեսրոպյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am