ԱՄՆ բազաների ուղղությամբ հրթիռային հարվածներից հետո ամերիկյան ինքնաթիռներ են այրվել. IRNA

Armenpress 09:13, 8 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ հրթիռային հարվածներից հետո ամերիկյան ինքնաթիռներ են այրվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալությունը հայտնում է, որ Էյն-ալ-Ասադ ռազմական բազային հասցված թիրախային հարվածներից հետո ամերիկյան ինքնաթիռները կրակի մեջ են հայտնվել:

Իրանը Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել: «Երկիր-երկիր» դասի հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ  բազայի և Էրբիլում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի ռազմական կոնտինգենտը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից՝ Իրաքում երկու ռազմական բազաների ուղղությամբ: Հիմա ճշտվում  է՝ արդյոք կան տուժածներ և վնասի չափը, բայց ամեն ինչ լավ է: Ես հանդես կգամ հայտարարությամբ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am