Մակրոնը ստորագրել է ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենքը

Armenpress 17:36, 27 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Այսպիսով, Ֆրանսիան ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը»,-տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այն վավերացրել և ԵՄ խորհրդին տեղեկացրել են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am