Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերն ունեցել են ռազմական տեխնիկայի նմուշների ավելացում. ԳՇ պետ

Armenpress 15:27, 26 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վերջին ամիսների ընթացքում մեծ աշխատանք են իրականացրել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցերի լայնացման ու զարգացման ուղղությամբ, ինչը թույլ է տալիս կրճատել ժամանակը զորքերի տեղաշարժի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին 2019 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

«Առանձին տեղերում տեղաշարժերի արդյունքում ունեցանք հենակետերի օպտիմալացում, որի շնորհիվ որոշակի հենակետերի զինծառայողներ ծառայությունը կազմակերպում են մեկ կետից՝ ավելի մեծ ուժերով»,- ասաց Դավթյանը:

Նա տեղեկացրեց, որ Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերն անցնող տարում ունեցան սպառազինության, ռազմական տեխնիկայի որոշակի նմուշների ավելացում: «Սա մեզ թույլ է տալիս ասել, որ այս ուղղությամբ մարտական հենակետերի համակարգում մենք վատացում չենք ունեցել, ունեցել ենք որոշակի բարելավում, որը մարտավարական բնույթ է կրել»,- նշեց գլխավոր շտաբի պետը:

Նա հավելեց, որ թեպետ Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ, որպեսզի ուժեղացնի Նախիջևանի համազորային բանակը, հայկական կողմը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում՝ թույլ չտալու հակառակորդին Նախիջևանի կողմից ունենալու սպառազինության գերակայություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am