«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը նախատեսվում է ընդլայնել

Armenpress 14:06, 25 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը կընդլայնվի, և մոտ 8000 հա տարածք կընդգրկվի արգելոցի մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Արգելոցի տարածքն ուսումնասիրել ենք ու տեսել, որ դրա սահմանները բավական կտրտված են։ Խոսրովի անտառի սահմանը պետք է մեծանա, սակայն ի հաշիվ այն տարածքների, որոնք կենսաբազմազանության համար կարևոր են, այլ ոչ թե գյուղատնտեսական նշանակության հողերի»,– նշեց նախարարը և հավելեց, որ Խոսրովի անտառի տարածքում կան հողեր, որոնք արոտավայրեր են, և դրանք արգելոցի տարածքից հանելու կարիք կա։

Նախարարը հայտնեց նաև, որ արգելոցի գույքագրման, քարտեզագրման աշխատանքներն արվել են և կադաստրի պետական կոմիտեի հետ ամեն ինչ հստակեցվել է։

2017թ. օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով այրվել էր անտառի գրեթե 10%-ը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am