Դավութօղլուն փնտրում է պատմութան մոխրագույն տարածքները

13:26, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին ընդառաջ հայերին հղած ուղերձը նախքան հրապարակումը երկար ժամանակ պատրաստվել և ծրագրավորվել էր թուրքական պաշտոնական նեղ շրջանակի կողմից: Ուղերձի նախապատրաստական աշխատանքներին տևական ժամանակ մասնակցել են այդ նեղ խմբի մեջ ներառված վարչապետը, արտաքին գործերի նախարարությունն ու վարչապետի աշխատակազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:

Խոսելով Էրդողանի ուղերձի բովանդակային ուղղվածության մասին` Դավութօղլուն, ըստ էության, դիմել է ժխտողական հնարքների` բարձրաձայնելով անցյալի ցավերը համատեղ կիսելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, նա գունափոխել է պատմության ընթացքը՝ գորշացնելով այն. «Պատմությունը բաղկացած չէ սևից ու սպիակից: Պետք է ցույց տալ մոխրագույն տարածքում  բոլորի անցյալի ցավերը կիսել կարողանալու առաքինությունը»: Դավութօղլուի խոսքով, Էրդողանի ուղերձն ավելի շատ կոչ էր, քան սովորական հայտարարություն, և թուրքական կողմը սպասում է դրա արձագանքներին:

Թուրքիայի վարչապետի երկխոսության մասին հայտարարությանն արձագանքել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը,  «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, մասնավորապես ասելով. «Ինչ վերաբերում է երկխոսությանը, որին կոչ է անում վարչապետ Էրդո­ղա­նը, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այդպիսի երկխոսություն մենք ունեցել ենք, և այն իր տրամաբանական ձևակերպումն է գտել Ցյուրիխյան արձանագրություններում, որոնց վավերացման գործընթացից թուրքական կողմը հետ կանգնեց: Հայաստանի Հանրապետության նախագահն իր ուղերձում նշել է՝ «Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել», իսկ արձանագրությունների վավերացման «ողջամիտ ժամկետներ» ձևակերպումն առավել քան արդիական է դառնում»:

Էրդողանի ուղերձին բացասաբար են արձագանքել նաև թուրք մտավորականներ Թաներ Աքչամն ու Բասքըն Օրանը, որոնք իրենց հայտարարություններում բացահայտել են Թուրքիայի պետական շրջանակների ժխտողական քաղաքականության բովանդակությունը:


© 2009 ARMENPRESS.am