Հասարակական

«Յուքոմ»-ն աջակցում է «Լույս հայի աչքերին» ծրագրին. 13 հազար մեծահասակ ու երեխա ակնային զննում կանցնեն

4 րոպեի ընթերցում

«Յուքոմ»-ն աջակցում է «Լույս հայի աչքերին» ծրագրին. 13 հազար մեծահասակ ու երեխա ակնային զննում կանցնեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզերի բնակիչների և մայրաքաղաքի խոցելի խմբերի համար անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցող «Լույս հայի աչքերին» ծրագիրն այսուհետ կիրագործվի «Յուքոմ» ընկերության աջակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ շարունակում են Օրանժ Հիմնադրամի ավանդույթներն ու փորձում իրենց ներդրումն ունենալ հատկապես մարզերի բնակիչների առողջության պահպանմության գործում: «Մեր կազմակերպության առաքլությունն ենք համարում օգտակար լիներ մեր հայրենակիցներին, աջակցել կայուն ու ապահով հասարակության ձևավորմանը, կրթել առողջ և զարգացած սերունդ: Այս ծրագիրն այն յուրահատուկ նախաձեռնություններից է, որոնք ունենում են բացառապես դրական ազդեցություն ու հիմնովին փոխում մարդկանց կյանքն ու ապրելակերպը»,-ասաց Հայկ Եսայանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական, քանի որ ծրագիրը տալիս է դրական արդյունք: Նա նկատեց, որ առաջին խոշոր ներդրումն է, որ կատարում են առողջապահական ոլորտի ծրագրում, իսկ մինչ այս «Յուքոմ»-ի անձնակազմով արյուն են հանձնել ու նպաստել դրա կարիքն ունեցող հիվանդների բուժմանը:

Հայկական ակնաբուժական նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիզարյանը շեշտեց, որ 2003 թվականից իրականացվող ծրագրի շնորհիվ հազարավոր մարդիկ ակնաբուժական անվճար ծառայություններից են օգտվել` ընդհուպ վիրահատական միջամտություն: Նրա խոսքով` ակնաբուժական ծառայությունները մատուցվում են ինչպես տեղերում գործող վերապատրաստված բժիշկների, այնպես էլ Աչքի շարժական հիվանդանոցի կողմից: Նունե Եղիազարյանը վստահեցրեց, որ ցանկացած մարդ կարող է անձնագրով մոտենալ շարժական հիվանդանոց ու խնդրել, որ իրենց ստուգեն: «Եթե առաջանա վիրահատության կարիք, դա կիրականացվի միայն սոցիալապես անապահով մարդկանց համար»,-ասաց Նունե Եղիազարյանը` շեշտելով, որ կանխարգելիչ նպատակով կատարվող լազերային միջամտությունից կարող են օգտվել բոլորը:

Բացի այդ` «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում դպրոցներում, ակնային զննումներին զուգահեռ, նաև կազմակերպվում են հանրակրթական դասընթացներ ակնային խնամքի վերաբերյալ:

Նունե Եղիազարյանը տեղեկացրեց, որ 2016-ին Աչքի շարժական հիվանդանոցը ծառայություններ է մատուցելու Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Արմավիրի բնակիչներին: Նրանք նախ կհետազոտվեն տեղի ակնաբույժների կողմից, որից հետո անհրաժեշտության դեպքում կուղեգրվեն Աչքի շարժական հիվանդանոց:

«Մենք այս տարի նախատեսում ենք իրականացնել 8 հազար 300 մեծահասակների, 4 հազար 600 երեխաների ակնային զննումներ, 1800 մարդ շարժական հիվանդանոցում խորացված հետազոտություն կանցնի, 770 լազերային միջամտություն ու վիրահատություն կիրականանցնենք: Կտանք 430 ակնոց բարդ տեսողական խնդիրներ ունեցողներին, 200 ակնոց էլ` երեխաներին»,-ասաց Նունե Եղիազարյանը:

Նա տեղեկացրեց, որ տարեկան նշյալ միջոցառումների համար հատկացվում է 50 միլիոն դրամ, որի կեսն այս տարի տրամադրել է «Յուքոմ» ընկերությունը, մյուս կեսը Հայկական ակնաբուժական նախագծի բարերարների կողմից է հատկացվել: Նշյալ ծախսերի մեջ չի մտնում Շարժական հիվանդանոցի գինը, որը մեկ միլիոն դրամ է:

Արարատի մարզում տեղի ակնաբույժներն արդեն իրականացնում են անկային զննումներ: Աչքի շարժական հիվանդանոցն այս տարի իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մասիս քաղաքից, որտեղ կկայանի ապրիլի 4-16-ը, ապրիլի 18-30-ին կուղևորվի Արտաշատ, մայիսի 2-14-ին կլինի Արարատում: Հաջորդիվ շարժական հիվանդանոցը կլինի Վայոց ձորի, Սյունիքի ու Արմավիրի մարզերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում