1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման նախաձեռնությունը Թուրքիային ճնշելու նպատակ ունի. կարծիքներ

Ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման նախաձեռնությունը Թուրքիային ճնշելու նպատակ 
ունի. կարծիքներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական եղբայրության և բարեկամության մասին 1921թ. ստորագրված պայմանագրիրը չեղարկելու Պետական դումայում Կոմունիստական կուսակցության պատգամավորների նախաձեռնությունը ակտիվ քննարկումների առիթ է տվել Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Նախաձեռնության վերաբերյալ հնչում են տարատեսակ կարծիքներ ու մեկնաբանություններ: Վերլուծաբանների մի մասն այն կարծիքին է, որ այդ նախաձեռնությունն ընդամենը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձ է ու դրանից որևէ բան ակնկալել չի կարելի, մի մասի կարծիքով էլ՝ պայմանագիրը կարող է իսկապես չեղարկվել, եթե ռուս-թուրքական հարաբերություններն ավելի սրվեն, ինչը չի բացառվում: Կա նաև կարծիք, որ ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագրի չեղարկումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, քանի որ այդ դեպքում Թուրքիան կարող է առաջ քաշել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն, անդրադառնալով ռուս գործընկերների նախաձեռնությանը, նշեց, որ նրանց քայլը ողջունելի չի կարելի համարել, քանի որ Թուրքիայի համար այդ դեպքում հնարավորություն է առաջանալու առաջ քաշել Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որը ստորագրվել է 1920թ. դեկտեմբերին Հայաստանի առաջին Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև: Այդ պայմանագրով Հայաստանին պետք է մնար ընդամենը 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք: «Ռուս-թուրքական եղբայրության և բարեկամության մասին 1921թ. պայմանագիրը կնքվել է մարտի 16-ին Քեմալական Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի միջև: Այդ պայմանագրով սահմանվում էր, որ Սովետական Հայաստանի տարածքը կազմում է 30 հազար քառակուսի կիլոմետր: Հայաստանի համար այդ նույն սահմանները հաստատվել են նաև Կարսի պայմանագրով, որի ստորագրմանը մասնակցել է նաև Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Սակայն թե՛ Մոսկվայի, թե՛ Կարսի պայմանագրերի բանակցությունների ժամանակ Թուրքիան պնդել է, որպեսզի կատարվեն Ալեքսանդրապոլի պայմանագրի պայմանները: Մեծ ջանքեր են պահանջվել, որպեսզի թուրքական կողմի պահանջները մերժվեն: Եվ հիմա, եթե մեր ռուս ընկերները նման առաջարկ են արել, կնշանակի Թուրքիան կարող է առաջ քաշել Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ուստի ես այդ նախաձեռնությունը չեմ ողջունում հասկանալի պատճառներով»,- նշեց Տաճատ Սարգսյանը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունն էլ այն կարծիքին է, որ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնության մասին հայտարարվել է մի իրավիճակում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարված են, ուստի այն հստակ նպատակ ունի: Պատգամավորի խոսքով՝ նպատակը ոչ այնքան պայմանագիրը չեղարկելուն հասնելն է, որքան այդ հնարավոր սպառնալիքը որպես «դամոկլեսյան սուր» ռուս-թուրքական հարաբերությունների մեջ օգտագործելը: «Եթե լինենք անկեղծ, ռուսական քաղաքականությունը ոչ մի անգամ այդ պայմանագիրը չպետք է հիշեր, որովհետև այդ պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից բավականին խոցելի է: Եթե այն առ այսօր գործում է ոմանց համար, ապա միայն նրա համար, որ այն ձեռնտու էր նրանց: Ես այն կարծիքին չեմ, որ բացի այդ հայտարարությունից՝ Ռուսաստանն ավելի կխորացնի այդ խնդիրը: Ես ենթադրում եմ, որ սա ընդամենը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հերթական ազդակներից մեկն է՝ ոչ ավել ոչ պակաս»,- մանրամասնեց Հարությունյանը:

Նա չի կիսում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի կարծիքը, որ պայմանագրի չեղարկումը Թուրքիային հնարավորություն կտա առաջ քաշել Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Նա նկատեց, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրն իրավաքաղաքական առումով չունի նույն կշիռը, որն ունեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Սակայն, ըստ Հարությունյանի, այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ այդ նախաձեռնությունն ամեն դեպքում չի կարող այդքան խորանալ: «Ես կրկնում եմ, որ այս նախաձեռնությունը չի կարող ավելի խորանալ: Նպատակը բոլորովին այլ է, նպատակը ընդամենը թուրքերին հասկացնելն է, որ Ռուսաստանը կարող է նման քայլի էլ գնալ: Ես շատ հանգիստ եմ նայում այս նախաձեռնությանը, այն հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում որևէ նշանակություն չի կարող ունենալ, իսկ մենք չենք կարող մեր ընթացիկ քաղաքականությունը ձևավորել այդ ուղղությամբ»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նույնպես այն կարծիքին է, որ ռուս կոմունիստ պատգամավորների այդ քայլը ինչպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում, այնպես էլ նպատակ ունի ցույց տալ ռուս հասարակությանը, որ այնպես չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունները բարեկամական կարող են մնալ: Սաֆրաստյանը, սակայն, չի բացառում նաև այն տարբերակը, որ պայմանագիրն իսկապես չեղարկվի: «Իհարկե, այս պահին շատ դժվար է կանխատեսել, թե ինչ ճակատագիր կունենա այս նախաձեռնությունը, սակայն եթե ռուս-թուրքական հարաբերությունները շարունակեն սրվել, ես չեմ բացառում, որ այս պայմանագիրը շատ ծանր բախտի կարժանանա և իրապես կարող է չեղարկվել Ռուսաստանի կողմից: Ես կարծում եմ, որ սա դրական երևույթ է, որովհետև մեզ համար այդ պայմանագիրն ընկալվում է որպես գործարք, որը կատարվել է մեր մեջքի հետևում՝ Քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև՝ առանց Հայաստանի մասնակցության: Դրական կգնահատեմ ես այս նախաձեռնությունը»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

Թուրքագետը ևս համաձայն չէ տեսակետի հետ, թե ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագրի չեղարկումը Թուրքիային հնարավորություն կտա առաջ քաշել Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Նա նշեց, որ նման վտանգ չի տեսնում, քանի որ Մոսկվայի պայմանագրին Հայաստանը չի մասնակցել, այն ստորագրվել է Քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև, իսկ տվյալ դեպքում խոսքը գնում է միայն Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու մասին:

Ռուսաստանի Պետական դումայում Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ու արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին նամակ են հղել` առջարկելով չեղարկել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ «Այժմ` թուրքական ագրեսիայի աճի պայմաններում, մենք պետք է իրավական մեխանիզմներ մշակենք` մեր երկրի և դաշնակիցների համար ոչ շահավետ ռուս-թուրքական համաձայնագրերի վերանայման նպատակով: Անկարան պետք է հասկանա, թե իր համար ինչ կարժենա հակամարտության սրումը: Միայն դա կարող է նրան հետ պահել նոր պրովոկացիաներից»,-«Իզվեստիա»-ին ասել է Սերգեյ Օբուխովը: Նշվում է, որ Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դրանք անարդարացի համարելով: Այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում: Պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով` այդ պայմանագիրն ստորագրվել է հակասելով Ռուսաստանի շահերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]