Տնտեսություն

Հայ բեռնափոխադրողներին կթույլատրվի ԵԱՏՄ տարածքում իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում

2 րոպեի ընթերցում

 Հայ բեռնափոխադրողներին կթույլատրվի ԵԱՏՄ տարածքում իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն իր նախորդ որոշումներից մեկում կխմբագրի կաբոտաժային փոխադրումներն արգելող դրույթը և կաբոտաժային փոխադրումների առաջին փուլը կազմակերպելու համար կսահմանի ՀՀ-ում և ՀՀ-ից կաբոտաժային փոխադրումների իրականացման կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:

Ներկայում կնքված միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան ՀՀ-ում և այլ պետություններում ավտոմոբիլային տրանսպորտով կաբոտաժային բեռնափոխադրումներն արգելվում են: Սակայն 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցելուց հետո, ԵԱՏՄ տրանսպորտի բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է համարվում անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների ազատականացումը, որը հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ-պետությունների բեռնափոխադրողներին առավել արդյունավետ կազմակերպել միջազգային բեռնափոխադրումները:

Իրավական ակտի փոփոխման նպատակն է` կանոնակարգել ԵԱՏՄ անդամ-պետություններում հաշվառված միջպետական բեռնափոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումները և ՀՀ-ում հաշվառված բեռնափոխադրողներին ընձեռնել հնարավորություն միջպետական բեռնափոխադրում կատարելուց հետո իրականացնել անդամ-պետության տարածքում մեկ կաբոտաժային բեռնափոխադրում:

Ակնկալվում է 2016 թվականի հունվարի 1-ից թույլատրել հայ բեռնափոխադրողներին Ռուսաստանի Դաշնությունում, Ղրղզստանում, Բելառուսում միջպետական բեռնափոխադրումն ավարտելուց հետո իրականացնել կաբոտաժային բեռնափոխադրում: Այն հնարավորություն կտա հայ բեռնափոխադրողին զգալիորեն կրճատել միջազգային բեռնափոխադրման ծախսը և կհանդիսանա լրացուցիչ եկամուտի աղբյուր: Արդյունքում հայ բեռնափոխադրողների կողմից տվյալ բնագավառում կկատարվեն ներդրումներ, կթարմացվի տրանսպորտային պարկը, կզարգանան միջպետական բեռնափոխադրումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում