Հայաստանի զբոսաշրջային և արշավային ուղիները կքարտեզագրվեն բջջային հավելվածի համար
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ONEArmenia» շահույթ չհետապնդող կազմակերպությունն սկսել է «HIKEArmenia»արշավը, որով ճանապարհորդների համար հասանելի է դարձնում Հայաստանի բնաշխարհը՝ բջջային հավելվածի միջոցով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կազմակերպությունից, 2015-ի գարնանը«ONEArmenia» (1A) կազմակերպությունն ստեղծել էր Inside Yerevan ուղեցույց,որը օգնում է հազարավոր մարդկանց, ինչպես զբոսաշրջիկներին,այնպես էլ տեղացիներին`ճանաչել Երևանը ներսից:Ներկայիս արշավով «ONEArmenia»-ն ընդլայնում է սահմանները` դուրս գալով մայրաքաղաքից դեպի Հայաստանի բնաշխարհըև արդյունաբերական մայրաքաղաքից դուրս գտնվող համայնքներ:
«HIKEArmenia»-ն մի նախաձեռնություն է,որն արդեն մի քանի տարի է,ինչ կազմակերպության նպատակների ցանկում է: 1A-ի համահիմնադիր և թվային մարքեթինգի մասնագետ Պատրիկ Սարգսյանի խոսքով` իրենք համագործակցելու են մի շարք ոլորտների մասնագետների հետ՝ արշավ-էքսկուրսիաների(hiking)ոլորտը հիմնովին զարգացնելու նպատակով: «Գաղափարը առաջացել է այն պատճառով,որ չնայած Հայաստանում կան հազարավոր արշավային ուղիներ, միևնույն է,դրանցից միայն մի քանիսն են քարտեզագրված:Եվ նույնիսկ այդ դեպքում Հայաստանում ուղղակի չկա արշավի որևէ ստանդարտ ընթացակարգ և դա երկրի ամենագեղեցիկ շրջանները դարձնում է անհասանելի Հայաստան այցելողի համար:Հայաստանի շրջաններն արտաքին աշխարհից մեկուսացված են:Արտաքին կապերի բացակայության հետևանքները ևս դարձել են սոցիալական և տնտեսական խնդիրների պատճառ գյուղերում»,-ասել է նա:
Դրա համար էլ «HIKEArmenia»-ի առաջին քայլը լինելու է տեղական արշավէքսկուրսիաների մասնագետների հետ միանալն ու Հայաստանում մի քանի արշավային ուղիներ գծելը՝ տեղացի արշավականների կողմից ընդունած միջազգային ստանդարտներին համապատասխան:
Նախագծի երկրորդ հատվածում ստեղծվելու է բջջային հավելվածի տեսքով հարթակ,որում լինելու է Հայաստանի գլխավոր արշավային ուղիների ինտերակտիվ քարտեզ՝ ներառյալ կարևոր տվյալները,տեղանքի պատմական նշանակությունը,ինչպես նաև տեղեկություններ արշավի մասին (բարձրություն,երկարություն,բարդության մակարդակ): Այն հնարավորություն է տալու հետևելու և վերբեռնելու արշավները (գրավոր կամ պատկերային)և տեսնել տեղական արշավային զբոսավարների,ռեստորանների, գիշերելու վայրերի,հետաքրքիր գյուղերի և Հայաստանի հեռավոր շրջաններում յուրօրինակ գործունեությամբ զբաղվող համայնական կազմակերպությունների առաջարկներ: