Քաղաքականություն

ԿԸՀ-ն «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված մի շարք որոշումներ ընդունեց

5 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված մի շարք որոշումներ ընդունեց

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ընդունեց մի շարք որոշումներ, որոնք կապված էին «Հանրաքվեի մասին» օրենքում վերջին փոփոխությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ-ն «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված ընդունեց ընդհանուր առմամբ 22 որոշում:

Արտահերթ նիստի ընթացքում հաստատվեց հանրաքվեի քվեաթերթիկների ձևը, սահմանվեց հանրաքվեի քարոզչություն կատարելու համար անվճար դահլիճներ տրամադրելու հարցը, հաստատվեցին հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահի, տեղակալի և քարտուղարի վկայականների ձևերը, նաեւ ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի, հանրաքվե նախաձեռնողի վստահված անձի վկայականի ձևը, հաշվառում չունեցող քաղաքացիների`լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու հարցը, ժամկետային զինծառայողների քվեարկության կարգը, քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, սահմանվեցին հայտարարագրի ձևը, կնիքը և դրոշմակնիքը ԿԸՀ ներկայացնելու ձևն ու ժամկետները :

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հստակեցրեց, որ հարցը չի վերաբերում կոնկրետ հանրաքվեի, այլ ընդհանրապես հանրաքվեներին: Նա հիշեցրեց, որ վերջին նստաշրջանում խորհրդարանն ընդունել էր «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններ: «Արտահերթ նիստի խնդիրն է լիարժեք դարձնել իրավական կարգավորումները, որոնք վերաբերում են հանրաքվեին: «Հանրաքվեի մասին օրենքը», ինչպես և ժամանակին ընտրական օրենսգիրքը, նախատեսում են երկու խումբ որոշումներ: Առաջին խումբ որոշումները նորմատիվային բնույթ որոշումներն են, որոնք ընդհանրապես վերաբերում են կանոնակարգերի, կարգերի սահմանմանը: Խոսքն այն կարգերի մասին է, որոնք գործելու են հանրաքվեի ժամանակ: Երկրորդ խումբ որոշումներն այն որոշումներն են, որոնք ուղղակիորեն կապվում են կոնկրետ որևէ հանրաքվեի անցկացմանը: Այսինքն, երբ համապատասխան հրամանագրով նշանակվում է հանրաքվե, այդ պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի գործառույթներ և օրենքը սահմանել է, թե ինչ որոշումներ պետք է ընդունվեն կոնկրետ հանրաքվեի հետ կապված: Այսօր մենք նման գործառույթ չենք իրականացրել: Այսօր մենք, ելնելով այն հանգամանքից, որ Ազգային ժողովն ընդունել է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների մասին օրենքը, որը հուլիսի 19-ից մտել է ուժի մեջ, ընդունել ենք այս որոշումները, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն ավելի ամբողջական ծանոթ լինեն իրավական այն ակտերին, որոնք կարգավորում են տվյալ իրավահարաբերությունը: Խնդիրը եղել է դա՝ կա օրենք և այդ օրենքին համապատասխան պետք է ընդունվեն իրավական ակտեր: Այսօրվա ընդունած իրավական ակտերն այն ակտերն էին, որոնք ամբողջականացնում էին այն իրավական կարգավորումների տիրույթը, որն ամրագրված է «Հանրաքվեի մասին» օրենքում, և սրանք չէին վերաբերում որևէ կոնկրետ հանրաքվեի,- մանրամասնեղց Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ընդունված որոշումների համաձայն՝ ժամկետային զինծառայողները կքվեարկեն այնպես, ինչպես քվեարկել են մինչ այժմ համապետական ընտրությունների ժամանակ: Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, հայտարարագրի ձևը ևս չեն տարբերվում համապետական ընտրությունների ժամանակ սահմանված կարգից: Անվճար դահլիճների տրամադրման կարգն էլ նույնն է`առնվազն հինգ օր առաջ դիմել ՏԻՄ մարմնին եւ պատասխանի սպասել եռօրյա ժամկետում: Եթե նշված ժամանակահատվածում հնարավոր չէ դահլիճ տրամադրել, ՏԻՄ մարմինները պետք է այլ տարբերակ առաջարկեն: Կնիքը և դրոշմակնիքը ԿԸՀ ներկայացնելու ձևն ու ժամկետները ևս սահմանվեցին համապետական ընտրությունների կարգին համաձայն:

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքն Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է հունիսի 10-ին: Օրենքն ուժի մեջ է մտել հուլիսի 19-ից: «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքնախագիծը ներկայացրել էր ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Հիմնական փոփոխությունները վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմմանը, հրապարակմանը, տեղամասային հանձնաժողովների ձևավորման ժամկետներին, դիտորդական առաքելություն իրականացնողների իրավունքների իրացման համար պայմանների ապահովմանը, հանրաքվեի արդյունքների հրապարակմանը և հանրաքվեի դրված նախագիծն ընդունված լինելու դեպքում դրա ուժի մեջ մտնելուն, հանրաքվեի դնելիք նախագծին կողմ կամ դեմ արտահայտվողների համար հավասար պայմանների ապահովմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում