ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր նոր դեսպան է նշանակել Ջուդիթ Ֆարնուորթին, ով այս պաշտոնում գործող դեսպան Քեթրին Լիչին կփոխարինի 2015 թվականի սեպտեմբերին:
«Ես շատ ուրախ եմ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնում նշանակվելու առնչությամբ: Մեծ առավելություն է ծառայել մի երկրում, որն ունի այսքան հարուստ պատմություն և մշակույթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Ֆարնուորթը` հավելելով, որ իր դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատելու է Հայաստանի կառավարության հետ` Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար:
Ֆարնուորթը, ով հետխորհրդային և կենտրոնական Եվրոպայի երկրների մասնագետ է, ներկայում զբաղեցնում է Ղրղզստանում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը: Նախկինում նա դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայում, Չեխիայում, Լատվիայում: