ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայությունները և դրանց հիմքերը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե այդ բացակայությունների հիմքերը հիմնավոր չլինեն, դրանց հիման վրա Ազգային ժողովի նախագահը որոշում կկայացնի, որից հետո խմբակցությունը կքննարկի և կհայտնի իր դիրքորոշումը»,- նշեց Բաղդասարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ արդեն հաջորդ քառօրյայի ընթացքում քննարկվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա արդեն իր որոշելու խնդիրը չէ: Նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Ազգային ժողովի նախագահին:
ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից բացակայելու հանգամանքին: Նա ընդգծել է, որ 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: «Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»,- ասել է Նախագահ Սարգսյանը: