Տնտեսություն

Գյուղատնտեսությունն ու ձկնաբուծությունը զգալի աճ են գրանցել

2 րոպեի ընթերցում

Գյուղատնտեսությունն ու ձկնաբուծությունը զգալի աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գյուղատնտեսական համախառն արտադրանքը անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 920 մլրդ 723 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 6.5 տոկոսով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գյուղատնտեսության բաժնի պետ Արսեն Ավագյանը` ամփոփելով 2014 թվականի 11 ամսվա արդյունքները: Նա տեղեկացրեց, որ բուսաբուծության ոլորտում աճը կազել է 5.8 տոկոս, անասնաբուծության ոլորտում` 7.8 տոկոս: «Տարեկան տվյալները դեռ հրապարակված չեն, և դժվար է առանձնացնել աճի ցուցանիշներն ըստ մարզերի: Սակայն ընդհանուր առմամբ պետք է նշել, որ աճը զգալի է, թեև պտղի արտադրությունը որոշակիորեն նվազել էր` պայմանավորված ցրտահարության հետևանքներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ավագյանը: Նա նշեց, որ ձկնաբուծության աճը հունվար-նոյեմբերին կազմել է 27.7 տոկոս:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում գյուղատնտեսական համատարած հաշվառման (ԳՀՀ) գործընթացը` Արսեն Ավագյանը նշեց, որ դաշտային աշխատանքները ավարտված են, և ընթանում է տվյալների հավաքագրումը: «Հաշվառումն ամբողջությամբ վիճակագրական գործառույթ էր, և իրականացվել է մեր կողմից` միջազգային փորձագետների մասնակցությամբ: Դաշտային աշխատանքները հաջղությամբ իրականացվել են, որի մասին են վկայում նաև աջակից փորձագետները: Ներկայումս իրկանացվում է մարզային կառույցներից տվյալների տեղափոխումը Երևան, իսկ արդյունքների հրապարակումը նախատեսված է 2016 թվականի վերջին»,- ասաց նա:

Համաձայն ՀՀ կառավարության 2013թ.ապրիլի 25-ի 402 –Ն որոշման` Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում է անցկացվել 2014թ. հոկտեմբերի 11-31-ը: Հայաստանում այն անցկացվում է առաջին անգամ, ակնկալվում է, որ ԳՀՀ-ն հնարավորություն կընձեռի բարելավել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը, ձեւավորել տվյալների համակարգ, բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում