Քաղաքականություն

ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է ավելի խորանան. Էստոնացի փորձագետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է ավելի խորանան. Էստոնացի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում մեկնարկել է Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններին նվիրված համաժողով-քննարկում, որի նպատակն է հասարակությանը տեղեկացնել Հայաստանում ԵՄ-ի գործողությունների եւ ԵՄ-ին աջակցող կազմակերպությունների գործունեության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկօրյա համաժողովի ընթացքում, որի անունն է «ԵՄ հաղորդակցության դասընթաց», կներկայացվի էստոնական փորձը, և հայ ու էստոնացի մասնագետները կխոսեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին:

«Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի» տնօրեն Մարգե Մարդիսալու-Կահարի գնահատմամբ, համաժողովի նպատակն է տարբեր ոլորտների ներկայացուցիչներին պատմել, թե Եվրամիությունն ինչպիսի ծրագրեր ու բարեփոխումներ է իրականացնելու Արեւելյան գործընկերության վեց երկրներում: «Եվրամիությունը Հայաստանում շատ լուրջ ծրագրեր է իրականացնում, եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ժամանակի ընթացքում պետք է ավելի խորանան, եւ շատ ոլորտներում համագործակցությունը պետք է լինի ավելի ամուր»,- Ավետիք Իսկահակյանի անվան գրադարանում կայացած հանդիպման ժամանակ ասաց Մարգե Մարդիսալու-Կահարը` հավելելով, որ ԵՄ նախաձեռնություններին պետք է շատ մարդկանց ներգրավել եւ տեղեկացնել հասարակությանը կատարվելիք աշխատանքների մասին:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ Հայաստանը միտված է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, եւ այդ ցանկությունը կիսում է, թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը: «Նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հետո ես հայտարարեցի, որ ԵՄ դուռը փակ է Հայաստանի համար, բայց բարեբախտաբար թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր այն կողպված չէ, եւ այսօր Հայաստանը ներգրավված է նոր աշխատանքում եւ ձեւակերպում է իրավական նոր համաձայնագիր Եվրամիության հետ հարաբերությունների կանոնակարգման եւ խորացման նպատակով: Այս առումով շատ կաեւոր է երկուստեք լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության դերակատարությունը, որպեսզի Հայաստանում եւ Եվրամիությունում կողմերը կարողանան լավ աշխատել»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Հոկտեմբերի 20-ին Երեւանում մեկնարկած համաժողովի նպատակն է ներկայացնել Եվրամիությունում Էստոնիայի անդամակցության փորձն ու ծառացած դժվարությունները, որոնք տասը տարվա ընթացքում էստոնացի հասարակությունը կարողացել է կարգավորել: Երկօրյա քննարկումներին կմասնակցեն հայ եւ էստոնացի քաղաքագետներ, փորձագետներ եւ խմբագիրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում