Քաղաքականություն

Հովհաննես Սահակյանի համար խորթ են սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտությունները

2 րոպեի ընթերցում

Հովհաննես Սահակյանի համար խորթ են սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սահմանադրական բարեփոխումներն ինքնանպատակ չեն: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Ես՝ որպես Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, երբ տարբեր առումներով առնչվում եմ, պարզում եմ, որ տեխնիկական խնդիրներ կան, որոնք կարելի է փոփոխել կամ բարեփոխել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

Հովհաննես Սահակյանն ընդգծում է, որ իր համար խորթ են ընդհանրապես սահմանադրական բարեփոխումերին դեմ լինելու մասին արտահայտությունները: «Կարող ենք բարեփոխումների մեջ մեկ-երկու դրույթի դեմ լինել, սակայն չեմ կարծում, որ ընդհանրապես բարեփոխումներին դեմ լինելը ճիշտ է»,- նշեց նա:

Անդրադառնալով տեսակետներին, թե իշխանությունները սահմանադրական բարեփոխումների միջոցով ցանկանում են վերաարտադրվել՝ Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ սրանով պարզ է դառնում, թե ինչի համար են այդքան ոգևորվել ոչ իշխանական քաղաքական ուժերը: «Երբ երկրի Նախագահը հստակ ներկայացրեց իր պատկերացումները, որ չի փոխում Սահմանադրությունը, որպեսզի երրորդ անգամ նախագահ ընտրվի, եթե անցում լինի խորհրդարանական կառավարմանը, չի հավակնելու վարչապետի պաշտոնին, որը խորհրդարանական մոդելի դեպքում առանցքային պաշտոնն է, եղան քաղաքական ուժեր կամ մարդիկ, որ ունեցել են մանկության երազանք և փորձում են դա իրականություն դարձնել»,- նշեց Սահակյանը:

Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաև խոսակցություններին, թե ՀՀ նախագահը սահմանադրական բարեփոխումների դեպքում կարող է հավակնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնին: «Որևէ երկրում չկա պրակտիկա, որտեղ սևը սպիտակի վրա գրվի, որ այդ երկրի նախագահը այլևս չի կարող այլ պաշտոնի հավակնել: Այստեղ ընկալումների առումով խնդիր կա, և ես կարծում եմ, որ մենք դեռևս անելիքներ ունենք»,- նշեց պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում