Քաղաքականություն

Հայաստանը մինչեւ տարեվերջ ԵՄ-ի հետ կհստակեցնի համագործակցության ոլորտները

3 րոպեի ընթերցում

Հայաստանը մինչեւ տարեվերջ ԵՄ-ի հետ կհստակեցնի համագործակցության ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ Հայաստանը ԵՄ-ի հետ կհստակեցնի այն ոլորտները, որոնցում շարունակելու է համատեղ աշխատանքը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի փոխանցմամբ, Հայաստանը մինչև տարեվերջ եվրոպացի գործընկերների հետ կանցկացնի որոշակի քննարկումներ, որոնց նպատակն է հստակեցնել այն ոլորտներն ու ուղղությունները, որոնցում կողմերը պատրաստակամ են շարունակել համատեղ աշխատանքը: Ըստ փոխնախարարի, դա կհանգեցնի Հայաստան-ԵՄ հետագա աշխատանքի ուղղությունների, ոլորտների, ձևաչափերի հստակեցմանը:

«Կարծում եմ, որ մենք կհաստակեցնենք այն ոլորտներն ու ուղղությունները, որտեղ կշարունակենք մեր աշխատանքները: Կան որոշակի ոլորտներ և ուղղություններ, որտեղ դիտարկում ենք, թե հետագայում ինչպիսի համագործակցության հեռանկար և ձևաչափ է պետք հստակեցնել: Այդ առումով մենք պետք է դիտարկենք մեր պարտավորությունները, եղած հնարավորությունները, մոտեցումները հետագա համագործակցության հարցի շուրջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գարեգին Մելքոնյանը:

Հարցին, թե Վիլնյուսյան գագաթնաժողովից շուրջ մեկ տարի անց առաջարկները ներկայացնելը արդյոք պայմանավորվա՞ծ է Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հետ կապված գործընթացով, Գարեգին Մելքոնյանը պատասխանեց, որ ժամկետի առումով անմիջականորեն չէր կապի, բայց ընդհանուր առմամբ այդ ամենը պետք է դիտարկել մեկ միասնական համատեքստում՝ ինչ-որ առումով դիտարկելով նաև տարբեր տեսանկյուններից:

«Բայց նաև նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ի հետ մեր ունեցած աջակցության գործիքները շարունակում են իրականացվել: ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերի մասում վերջին տարվա ընթացքում նույնպես շարունակվել են ծրագրեր, թեև ոլորտների և ուղղությունների նոր շեշտադրումների կարիք կա, որովհետև օրակարգը հստակեցվում և ինչ-որ չափով փոփոխվում է, բայցաջակցության որևէ ծրագիր, գործիք, այնուամենայնիվ, չի ընդհատվել»,- ասաց Գարեգին Մելքոնյանը` հավելելով, որ առաջիկա ամիսներին առավել մանրամասն կներկայացնի քննարկումների արդյունքները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան նշեց, որ հույս ունեն առաջիկա ամիսների ընթացքում բոլոր հարցերը կարգավորել եւ շատ շուտով ներկայացվելիք առաջարկների շուրջ համագործակցել:

2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ժամանակ Հայաստանն ու Եվրամիությունը հանդես եկան հայտարարությամբ` շարունակելու համագործակցությունը այն ոլորտներում, որոնք չեն հակասի Հայաստանի` ԵՏՄ-ի հետ համագործակցությանը: Հայաստանը հայտարարել էր, որ կներկայացնի այն ոլորտներն ու առաջարկները, որոնց շուրջ պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում