Քաղաքականություն

Կարեն Պետրոսյան, հայկական եկեղեցու պայթեցում. ԵԽԽՎ պատվիրակության օրակարգը հագեցած է

4 րոպեի ընթերցում

Կարեն Պետրոսյան, հայկական եկեղեցու պայթեցում. ԵԽԽՎ պատվիրակության օրակարգը հագեցած է

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստում հայաստանյան պատվիրակությունը կբարձրացնի Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանի դաժան սպանության, Իսլամական պետության ահաբեկիչների կողմից Սիրիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարման, հուլիս-օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն հարձակումներին և կարևորագույն այլ հարցերի մասին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունը մի շարք հակահայ նախաձեռնություններով է փորձելու հանդես գալ, ինչին հայկական պատվիրակությունը պետք է համարժեք պատասխան տա և չեզոքացնի դրանք՝ նաև հաշվի առնելով Ադրբեջանի լոբբիստական լայն հնարավորությունները: «Այս պահին դեռևս Ադրբեջանի նախագահությունն է ընթանում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում նախատեսված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ելույթը: Մենք պատվիրակությունով կհավաքվենք և կքննարկենք նպատակահարմարությունը՝ ինչպես աշխատել այդ նիստի ժամանակ, ինչ մոտեցում դրսևորել»,- ասաց Զոհրաբյանը:

Բացի դրանից, բավականին լուրջ նախագծեր կան, որոնց համատեքստում հայկական պատվիրակության անդամները կբարձրաձայնեն իրենց հուզող հարցերի մասին: Նաիրա

Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ինքն անպայման անդրադառնալու է Կարեն Պետրոսյանի դաժան սպանությանը: «Խոսելու եմ Իսլամական պետության ահաբեկիչների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարման մասին, որտեղ ակնհայտորեն թուրքական հետքն է: Եվ, բնականաբար, իմ ելույթներից մեկում, քանի որ օրակարգում նախատեսված է շատ կարևոր զեկույց ռասիստական և այլատյաց հայտարարությունների վերաբերյալ, ես խոսելու եմ մեր հարևան երկրի քաղաքական էլիտայի հակահայ, ռասիստական արտահայտությունների վերաբերյալ: Այնպես որ բավականաչափ օրակարգը հագեցած է, կան բավականին ղեկույցներ, որոնց համատեքստում մենք կկարողանանք անդրադառնալ մեր երկրի քաղաքական օրակարգում, մեր տարածաշրջանային օրակարգում գտնվող խնդիրներին»,- ընդգծեց պատգամավորը՝ վստահություն հայտնելով, որ վերը նշված հարցերի մասին իրենց ելույթներում կբարձրաձայնեն նաև հայաստանյան պատվիրակության մյուս անդամները:

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կբարձրաձայնի նաև հուլիս-օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն հարձակումների հարցը: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ դա իրենց օրակարգի կարևոր հարցն է և վստահեցրեց, որ հայաստանյան պատվիրակության բոլոր անդամներն իրենց ելույթներում այդ հարցին կանդրադառնան:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի օրակարգում է մոնիթորինգի հանձնաժողովի ընթացակարգի վերաբերյալ զեկույցը, որում խոսվում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների, նոր կառավարության ձևավորման վերաբերյալ: Պատգամավորի կարծիքով՝ այստեղ նույնպես հայկական պատվիրակության անդամները ասելիք կունենան, քանի որ քաղաքական տարբեր ուժեր տարբեր կարծիքներ ունեն այդ հարցերի վերաբերյալ: Զոհրաբյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ առաջիկա նստածշրջանը հագեցած և լարված է լինելու, իսկ հայաստանյան պատվիրակությանը բավականին ծանրաբեռնված աշխատանք է սպասվում:

ԵԽԽՎ նստաշրջանը կմերնարկի սեպտեմբերի 29-ին, եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 3-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում