Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եռյակի հանդիպմանը քննարկվել են առաջիկա հանրահավաքի օրակարգի հետ կապված հարցեր

Եռյակի հանդիպմանը քննարկվել են առաջիկա հանրահավաքի օրակարգի հետ կապված 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի հանդիպման օրակարգում եղել է 3 հարց: Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քննարկվել են առաջիկա մարզային այցելությունների ժամանակացույցը վերջնականապես հաստատելու, քառյակի՝ իշխանություններին ներկայացրած 12 կետանոց պահանջների կատարման ամփոփման, հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի օրակարգի հստակեցման հարցերը: «Մենք վերջնականապես հաստատեցինք մարզային այցելությունների ժամանակացույցը, որն ավելի վաղ ներկայացրել էինք. սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը մենք կանցկացնենք 10 մարզային հանդիպումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Հակոբյանը:

Անդրադառնալով կառավարությանը ներկայացրած պահանջների կատարման արդյունքներին՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք արդեն ունեն նախնական գնահատականները, սակայն ամբողջական տեսքի կբերեն միայն սեպտեմբերի 30-ին, երբ կավարտվի իրենց ներկայացրած վերջնաժամկետը: «Մենք այս հարցը քննարկելու ենք նաև մեր դաշնակցական ընկերների հետ և հանրահավաքի ժամանակ ներկայացնելու ենք արդյունքները»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին՝ Հակոբյանը ընդգծեց, որ օրակարգը բավականին ընդգրկուն է լինելու: Նրա խոսքով`  միայն 12 կետերին չէ, որ անդրադարձ կլինի: «Մենք հիմա քննարկում ենք, թե ինչ հարցերի պետք է անդրադառնանք հանրահավաքի ընթացքում: Օրակարգը ընդգրկուն է լինելու: Կարծում եմ, որ մենք ժամանակ ունենք այն հստակեցնելու համար: Մեզ այդ հարցում կօգնեն նաև մարզային այցելությունները, որոնց նպատակն է հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ, և այդ հարցերը կբարձրացնենք հանրահավաքի ժամանակ»,- հավելեց Հակոբյանը:

Դեռևս հստակ չէ՝ կմասնակցեն հանրահավաքին երեք ուժերի ղեկավարները: Ռուբեն Հակոբյանն ընդգծեց, որ այս պահին նաև այդ հարցն է քննարկվում, և առաջիկայում պարզ կդառնա՝ մասնակցելու են, թե ոչ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am