Քաղաքականություն

ՀՀԿ պատգամավորներն այսուհետ քառօրյա նիստերի օրակարգին նախօրոք կծանոթանան

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ պատգամավորներն այսուհետ քառօրյա նիստերի օրակարգին նախօրոք կծանոթանան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն այսուհետ ցանկացած քառօրյայի ավարտին հաջորդող շաբաթվա ընթացքում դռնփակ խորհրդակցություններ կանցկացնի, որի ժամանակ կքննարկվեն հաջորդ քառօրյայի օրակարգում ընդգրկվելիք հարցերը և կառավարության ներկայացրած հրատապ նախագծերը: Այս մասին այդ ֆորմատով առաջին խորհրդակցության ավարտից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ դա իր նախաձեռնությունն է եղել: «Շատ հաճախ պատգամավորներն արդարացիոներ բողոքում են, որ քառօրյա նիստերից առաջ հաստատվում է քառօրյայի օրակարգը և իրենք օրակարգային հարցերի մասին տեղյակ չեն լինում և հանպատրաստից մտնում են մասնագիտական քննարկումների մեջ: Այս հարցը ինձ միշտ անհանգստացրել և մտահոգել էր, քանի որ նման դեպքերում իսկապես պետք է պատգամավորներին իրազեկել»,- ասաց Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ հաշվի առնելով այս ամենը, իրենք որոշում են կայացրել քառօրյա նիստերին հաջորդող շաբաթվա ընթացքում մոտավոր կանխատեսումներ ունենալ, թե ինչ հարցեր կարող են քննարկվել և կառավարությունն ինչ նոր հարցեր է ուղարկում: «Այսինքն, մենք իրազեկում ենք պատգամավորներին քննարկվելիք հարցերի մասին, որպեսզի նրանք պատրաստ լինեն»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք քննարկումներին կհրավիրեն նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: «Մենք կարողանում ենք նրանց հետ բանակցել: Ցանկանում ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ կամ ինչ առաջարկներ կան, որպեսզի նիստերի ժամանակ բոլորը պատրաստ լինեն քննարկումներին»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ այսօր եղել է առաջին քննարկումը և այսուհետ այն պարբերական բնույթ է կրելու: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու են նախորդ քառօրյայի արդյունավետության հետ կապված հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում