Քաղաքականություն

«Ժառանգությունը» դեմ չէ ոչ իշխանական քառյակի առաջնորդների հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

«Ժառանգությունը» դեմ չէ ոչ իշխանական քառյակի առաջնորդների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» խմբակցությունը Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին կներկայացնի մոտ քսան օրենսդրական նախագծեր: Այս մասին հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Նախաձեռնություններից մեկը զինապարտության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն է, որով առաջարկվում է հանել ուսումնական պրոցեսի ընթացքում տարկետման իրավունքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա։

Մյուս նախագիծը վերաբերում է խորհրդարանական ընդդիմության դերի բարձրացմանը` առաջարկելով փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։

Ռուբիկ Հախոբյանի խոսքով` «Ժառանգություն» խմբակցության կարևոր ու հիմնական նախաձեռնություններից է շարունակում մնալ ԼՂՀ անկախության ճանաչման օրենդրական նախաձեռնությունը, որի ընդունման համար իրենք պատրաստ են քննարկել տարբեր ուժերի, այդ թվում՝ ԼՂՀ իշխանությունների հետ։

«Ժառանգությունը» հանդես կգա նաև ԱԺ հանձնաժողովների նիստերն օնլայն ռեժիմով տեսաձայնագրելու և այն ԱԺ կայքով ցուցադրելու նախաձեռնությամբ:

Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 15-20-ին «Ժառանգությունը» կանցկացնի քաղաքական քննարկումներ սահմանադրական բարեփոխումներին այո կամ ոչ ասելու թեմայով: Այդ ֆորումին իրենք նաև իշխանական թևից ներկայացուցիչներ կհրավիրեն։

Հարցին ի պատասխան, արդյոք նախատեսվում է քառյակի առաջնորդների հանդիպում` Հակոբյանն ասաց, որ անհրաժշետության դեպքում այդ հանդիպումը կարող է կայանալ:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 30-ի իրենց հանրահավաքին, ապա Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենց քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել ու հանրահավաքը կլինի իրենց մշակած աշխատանքային ժամանակացույցի սկիզբը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համոզմամբ` ռեալ քաղաքական այլընտրանք իշխանություններին քառյակն է այսօր: «Պետք է աշխարհագրությունը ավելացնել, քառյակն իր խնդիրները կլուծի, եթե ունենա ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Քառյակն այն ուժն է, որ առանց մայդանների կարող է հասնել ամբողջական ու համակարգային փոփոխությունների»,-ասաց Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում