Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքագետը մատնանշում է ադրբեջանական կողմից սահմանին լարվածություն ստեղծելու արտաքին և ներքին պատճառներ

Քաղաքագետը մատնանշում է ադրբեջանական կողմից սահմանին  լարվածություն 
ստեղծելու արտաքին և ներքին պատճառներ

ԵՐԵՎԱՆ, 10  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը վերջին օրերին սահմանին լարվածություն էր ստեղծում հասարակության ուշադրությունը երկրում առկա ներքին խնդիրներից շեղելու համար: Օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց  «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: «Ադրբեջանի նախագահի համար հիմա այնքան էլ լավ ժամանակներ չեն, քանի որ նա չի կարողանում առանց խնդիրների կառավարել երկիրը: Ադրբեջանական իշխանությունների համար այնքան էլ լավ ժամանակներ չեն, ինչի մասին են խոսում այդ երկրում սկսված ձերբակալությունները: Եվ բացի այդ, բոլորը գիտեն, որ Հարավային Կովկասի երեք երկրներից իր բնական ռեսուրսներով և հարստությամբ Ադրբեջանն առաջ է Հայաստանից և Վրաստանից, սակայն բնակչության սոցիալական վիճակը երեք երկրներում գրեթե նույն մակարդակի վրա են, և սա չի կարող չզայրացնել Ադրբեջանի հասարակությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Բեքարյանը:

Քաղաքագետն ընդգծեց, որ ադրբեջանական իշխանությունների արդարացումն այն է, թե իրենք բանակ են պահում, զինվում են և պետք է պատերազմեն: «Ուստի իշխանությունները պետք է ժամանակ առ ժամանակ հասարակությանը ցույց տան, որ իրենք չեն ստել, պետք է ցույց տան, որ ունեն ժամանակակից զենք-զինամթերք և ուժեղ բանակ, ուստի դիմում են սահմանին լարվածություն ստեղծելու սադրիչ գործողությունների»,- ասաց Բեքարյանը:

Քաղաքագետի գնահատմամբ, սահմանին լարվածություն ստեղծելու ադրբեջանական կողմի նախաձեռնությունը կապված է նաև արտաքին գործոնների հետ: Մասնավորապես, նա նշում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Արևմուտքին կարող է ստիպել էներգետիկ ոլորտում այլընտրանք փնտրել, իսկ Ադրբեջանը կարող է լինել այդ այլընտրանքը, ուստի չի բացառվում, որ Ադրբեջանը ոգևորվել է այս ամենից և մտածել, որ ինքն ամենակարող է և իրեն ամեն ինչ կարելի է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ զենքի վաճառքը նույնպես ոգևորել է Ադրբեջանին:

Սահմանին լարվածություն ստեղծելով՝ Ալիևը փորձում էր ավելի ուժեղ դիրքերից մոտենալ և, ինչու ոչ, խոսել ուլտիմատումների լեզվով, սակայն եղավ հակառակը: Բեքարյանի խոսքով, Ադրբեջանն ինքն իր գործողություններով իրեն փակուղի մտցրեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am