Քաղաքականություն

Հայկական բանակը հաստատակամ է կանխարգելելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Սեյրան Օհանյան

4 րոպեի ընթերցում

Հայկական բանակը հաստատակամ է կանխարգելելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տարբեր զորամասերում իրենց սպայական ծառայությանը պատրաստվող զինվորականներին զգոնության կոչ է անում: Հուլիսի 26-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում անցկացվող ռազմական ուսհաստատություննրի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ նախարարը նշեց. «Այս հուշահամալիրը պետք է զգոնության կանչի բոլորիս, ու առաջին հերթին ձեզ, որ ոտք եք դնում սպայական ծառայության երկար ճանապարհ: Մեծ պարտավորություն է դրված ձեր ուսերին, դուք պետք է պահպանեք ու զարգացնեք անցած երկու տասնամյակների ընթացքում ստեղծված այն լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները, որոնցով այսօր առանձնանում է հայկական բանակը»: Նախարարի խոսքով` այդ ամենի հիմքում պետք է լինի փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու մարտավարությունը, ասիմետրիկ պատերազմ մղելու մեր ունակությունը:

«Դա է 20 տարի առաջ կնքված հաղթական զինադադարը պաշտպանելու և Արցախյան ազատամարտի տարիներին մեր սերնդի նվաճած բնագծերն ամրացնելու ճանապարհը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սեյրան Օհանյանը: Նախարարի դիտարկմամբ` սպաներն իրենց ստորաբաժանումների ղեկավարումն ստանձնելու են սահմաններում տիրող անկայուն վիճակի, լարվածության նոր օջախներ ստեղծելու հակառակորդի անպտուղ փորձերի և դիվերսիոն խմբերի գործողությունների հաճախացման պայմաններում:

«Հայկական բանակը երբեք ուրիշի հողին տիրելու նպատակ չի հետապնդել, բայց հաստատակամ է այսուհետ ոչ միայն վճռականորեն կասեցնելու, այլև կանխարգելելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն և անառիկ պահելու մեր սահմանները: Ինչպես այս գիշեր` երբ ՀՀ հյուսիս-արևելյան սահամններում և Արցախի Հանրապետության շփման գծում մի քանի ուղղություններով ձեռնարկված դիվերսիոն հետախուզական գործողությունները, թեկուզ մեր զինծառայողի կյանքի գնով, կասեցվեց և հակառակորդը նահանջի դիմեց»,- շեշտեց Սեյրան Օհանյանը:

Նախարարը երախտագիտության խոսք հղեց շրջանավարտների ծնողներին, ովքեր զինվորական մասնագիտությանն են ուղղորդել իրենց զավակներին ու նրանց կրթությունը վստահել են ՊՆ-ին: Սեյրան Օհանյանը հավաստիացրեց նաև, որ Հայոց բանակի երիտասարդ սպաների ծառայողական, կենցաղային ու մյուս բոլոր հիմնախնդիրները գտնվելու են պետության ռազմաքաղաքական ղեկավարության, պաշտպանության նախարարության ողջ հրամանատարության հոգածության ներքո: «Ցանկանում եմ մեջբերել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքը, որ «Երկիրն ամուր է այնքանով, որքանով նրա սպայակազմը»: Թույլ տվեք ձեր անունից վստահեցնել մեր Գերագույն գլխավոր հրամանատարին, որ անվերապահ հետևորդն են այս պատվիրանի»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդի բարձունքին Հայաստանի մի շարք ռազմական ուսումնական հաստատությունների 416 շրջանավարտներ ստացան սպայական կոչում, որից հետո պետք է անցնեն սպայական ծառայության ՀՀ զորամասերում:

Հուլիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: Գործողությունների հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանությաննախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում