Քաղաքականություն

«Արձագանք 2013»-ը բարձրացրեց ուժային կառույցների փոխգործակցության մակարդակը. պաշտպանության նախարար

4 րոպեի ընթերցում

«Արձագանք 2013»-ը բարձրացրեց ուժային կառույցների փոխգործակցության մակարդակը. պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արձագանք 2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների մարտավարական բաղկացուցիչն ու մասնակից ստորաբաժանումների գործողությունները գոհացուցիչ են: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այս զորավարժության մարտավարական մասից, ստորաբաժանումների գործողություններից ես գոհ եմ, կրակային խոցման արդյունքները տեսանելի էին բոլորիս համար: Այստեղից (դիտակետ` խմբ.) դիտարկմամբ՝ ես գտնում եմ, որ դրանք բարձր են: Վերջնական որոշումը մենք կընդունենք, երբ կհաշվվի խոցված թիրախների քանակը, և կնշանակենք համապատասխան գնահատական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը, որպես զորավարժության առանձնահատկություն, նշեց պետության տարբեր ուժային կառույցներում կիրառվող զինտեխնիկայի ցուցադրությունը և այդ հաստատությունների միջև փոխգործակցության աստիճանի բարձրացումը: Միջոցառման ավարտին զորավարժություններում աչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:

Հոկտեմբերի 7-9-ն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների նպատակներն են` պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար,ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդրումը:

«Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայովմարզումներին ներկա են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պետական կառավարման համակարգի և Զինված ուժերի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Հայաստանի կառավարության անդամները` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, անցան «Հոգեբանական հաղթահարման արգելագոտի»կոչվող տարածքով,որտեղ ստեղծված է պատերազմական պայմաններին բնորոշ իրավիճակ: Այնուհետև ՀՀ կառավարության անդամները հետևեցին հետախույզների,հատուկ ջոկատայինների ցուցադրական վարժանքներին, որոնք փաստեցին ՀՀ Զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակը: Կառավարության բոլոր անդամներըհնարավորություն ունեցանտարբեր զինատեսակներով ստուգել իրենց կրակային պատրաստականության աստիճանը,ծանոթացան վարժանքներիններկայացված զինտեխնիկային և սպառազինությանը:

Զորավարժություններին ներկայացված են ժամանակակից սպառազինության անպիսի տեսակներ՝ ինչպիսիք են SCUD, 8K14-1օպերատիվ-տակտիկական հրթիռները, զենիթահրթիռայինC300, «ՕՍԱ» համալիրները,«Կռունկ»,«Բազե» և այլ տեսակի անօդաչու սարքեր,ռադիոտեղորոշիչ համակարգեր,հայկական արտադրության հրազեն և բազմաթիվ այլ զինատեսակներ: Կառավարության ներկայացուցիչները դիտակետից հետևում են մասշտաբային զորավարժությունների ընթացքին:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվեց ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացն իրավիճակի սրման պայմաններում, հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարն իրավիճակի սրման սկզբնական շրջանում և պետական կառավարման մարմինների կողմիցդրանց համապատասխան արձագանքելու քայլերը: Ճշգրտվեցին պետական կառավարման համակարգն ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում