ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 16-ինընդունել է ամերիկահայ մշակութաբան Ալիս Նավասարգյանին:
Նավասարգյանը ծնվել է Իրանում՝ Թավրիզում, նրանց ընտանիքում գերիշխել են հայկական ավանդույթներն ու մշակույթը, ինչը նշանակալի գործոն է դարձել նրա հետագա գործունեության ընտրության հարցում: Ալիսը երաժշտություն և մշակույթի պատմություն է ուսանել Թավրիզում, Սպահանի համալսարանում ստացել է Հայագիտության և պատմության բակալավրի աստիճան: Ալիս Նավասարգյանը հեղինակել է «Իրան-Հայաստան. Ոսկի կամուրջներ», «Բեմին նվիրված հայուհիներ» գրքերը:
«Արմենպրես»-ին նախարարությունից տեղեկացրին, որ Ալիս ՆավասարգյանըՀՀ սփյուռքի նախարարին ներկայացրել է իր հեղինակած նոր գիրքը՝ «Անմահներ. նկարազարդ մի ժողովածու՝ Հայաստանի, հայերի և իրանահայերի մասին» վերնագրով: Գրքում ներկայացված է հայ ժողովրդի դարավոր պատմությունը՝ արվեստը, ծեսերը, հեքիաթները, լեգենդներն ու հավատալիքները, նշանավոր պատմական հերոսներն ու գործիչները: Գիրքը բացառիկ հնարավորություն է՝ օտարներին արժանվույնս պատմելու հայի ու Հայաստանի մասին:
ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ մեր նախարարությունում ընդունել մի մարդու, ով իր կյանքը նվիրել է հայ արվեստին՝ հրատարակելով մնայուն արժեք ներկայացնող երեք գիրք, որոնք ներկայացնում են մեր մշակույթը, պատմությունն ու քաղաքականությունը: Ինձ համար էական է նրա գործունեությունը հեռավոր Ամերիկայում, քանի որ ինչ էլ ստեղծի՝ գրի, հավաքագրի, նվիրված է լինելու Հայաստանին ու հային: Հայապահպանությունը մեր հիմնական խնդիրն է սփյուռքում, մենք պետք է պահպանենք այն ամենն, ինչով հպարտանում ենք այսօր, իսկ մեր հպարտության առարկան՝ օտարի հիացմունքի պատճառն է»:
Այնուհետև նախարարը հյուրին ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը, մասնավորապես այն ծրագրերը, որոնք միտված են Սփյուռքի հայ համայնքներում հայկական մշակույթի, ավանդույթների պահպանմանը, հանրահռչակմանը: