Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպական խաղերի հաղթող

Armenpress 19:57, 23 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանն առաջին ոսկե մեդալ նվաճեց սամբո մրցաձևում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբո մրցաձևի 52 կգ քաշային կարգում եզրափակիչ էր դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը: Վերջինս ուժերն էր չափում ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի հետ: Հայ մարզիկը գերազանցեց մրցակցին 4:0 հաշվով և դարձավ Եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր՝ միաժամանակ առաջին ոսկե մեդալը նվաճելով Հայաստանի հավաքականի համար:

Ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել սամբիստ Դավիթ Գրիգորյանը, իսկ Արսեն Ղազարյանը՝ բրոնզե:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 Լուսանկարը՝ Armnoc

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am