Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը մեկնել է Իսպանիա  

Armenpress 12:19, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական շտաբի հետ մեկնել է Իսպանիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանն ու Աշոտ Ավետիսյանը մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ ծանոթանալու «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբներում մարզումային գործընթացին և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպմանը:

Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

Հունվարի 15-ին, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները կհետևեն Մադրիդի «Ատլետիկո» թիմի մարզմանը, իսկ երեկոյան կհանդիպեն Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am