«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհուրդը ընդունեց շահառուների շրջանակն ընդլայնելու առաջարկը

Armenpress 17:34, 9 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նիստը հավանության արժանացրեց այն առաջարկը, ըստ որի, հիմնադրամի շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները:

« Այն, ինչի մասին խոսվում էր մեկ տարի առաջ, այսօր արդեն իրականություն է դառնում: Կարողանում ենք երկու տարի հետ գնալով՝ 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողներին աջակցել: Իհարկե, ցավալի, մարդկային կորուստ է լինում, մարդիկ հաշմանդամություն են ձեռք բերում, բայց տեսնում ենք, որ հանրային աջակցությունն առկա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  օրենքում կիրականացվեն փոփոխություններ և դրա շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները: Գործող օրենքով դրա շահառուներ են հանդիսանում 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am