Շվեդիայի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները

Armenpress 17:53, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է  Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեսպանը տեղեկացրել է, որ հունիսի 6-ը Շվեդիայի տոնն է, և հրավիրել բնապահպանության նախարարին մասնակցելու տոնական միջոցառման շրջանակներում դեսպանատանը բացվող «Առերեսում կլիմայի հետ» խորագրով Հայաստանի ու Շվեդիայի երգիծանկարիչների ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի նպատակը կլիմայի գլոբալ փոփոխության բարդ խնդիրը հանրամատչելի եղանակներով հասարակությանը ներկայացնելն է։

Հանդիպման ժամանակ քննարկվել են  բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Հյուրի առաջարկով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության, փհէկ-երի գործունեության, հանքարդյունաբերության և անտառային ոլորտներում օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև բնապահպանական թույլտվությունների և լիցենզիաների՝ միասնական էլեկտրոնային եղանակով տրամադրման համակարգի ստեղծման ուղղությամբ կատարվող քայլերը։

Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու բնապահպանության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am