ՀՀ սփյուռքի նախարարը նախորդ տարվա ծրագրերի մրցույթների շնորհման հարցում խնդիրներ է տեսնում

Armenpress 13:32, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նախորդ տարվա և այս տարեսկզբի ծրագրերի համար իրականացված մրցույթների անցկացման հարցում խնդիրներ է տեսնում: Պարզ է դարձել, որ մրցույթները հիմնականում շահել են նույն կազմակերպությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթար Հայրապետյանը:

«Իմ հանձնարարականով ուսումնասիրվել են նախորդ տարվա և այս տարվա սկզբի ծրագրերի մրցույթները: Պարզվել է, որ մրցույթները հիմնականում շահել են նույն կազմակերպությունները: 2016-ին նույն ընկերությունը շահել էր 10 տենդեր»,-ասաց նախարարն ու հավելեց, որ կազմակերպությունների անունները կհրապարակվեն քննությունից հետո:

Նախարարի խոսքով՝ ըստ կարգի՝ մրցույթները շահելուց հետո հնարավոր է ծառայության գնի բարձրացում: Եվ արդյունքում այն ՍՊԸ-ն, որը ցածր գին էր առաջարկել, հնարավոր է, հետագայում բարձրացներ: «Մեզ մրցույթների իրականացման ծանրակշիռ փաստաթղթեր չեն ներկայացվում»,-նշեց նա:

Նախարարը ստուգումների համար հանդիպել է Պետական վերահսկողության ծառայության պետի հետ և ներկայացրել մտահոգությունները: Դավիթ Սանասարյանի հանձնարարականով կիրականացվի աուդիտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am