Հայաստանն ու Լիբանան առաջիկայում կանդրադառնան խորհրդարանական մակարդակով փոխայցելությունների կազմակերպմանը

Armenpress 16:51, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը hունիսի 1-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:

Դեսպան Մկրտչյանը, շնորհավորելով Նաբիհ Բըրիին այդ պաշտոնում մայիսի 23-ին վերընտրվելու կապակցությամբ, մաղթել է բեղմնավոր գործունեություն իր կարևոր առաքելության մեջ: Լիբանանի Ազգային ժողովի նախագահին փոխանցվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լիբանանի օրենսդիր մարմինների համագործակցության խնդիրներին՝ կարևորելով միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը:

Սամվել Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումները, նոր կառավարության քայլերը՝ ուղղված երկրում ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը: Լիբանանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին ներկայացրել է մայիսի 6-ին Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անդրադառնալ խորհրդարանական մակարդակով փոխայցելությունների կազմակերպմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am