Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Armenpress 19:26, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Ողջունում եմ Ձեր ցանկությունը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ժողովրդավարական պետություն, որում հիմնովին ամրագրված են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության սկզբունքները: Դուք կարող եք ակնկալել Միացյալ Թագավորության գործնական աջակցությունն ուղղված այս ոլորտում Ձեր ջանքերի իրականացմանը: Մենք պատրաստ ենք մեր փորձառությունը փոխանցել Ձեր կառավարությանը, պետական հաստատություններին և քաղաքացիական հասարակությանը՝ Հայաստանի և հայ ժողովրդի պայծառ ապագան կերտելու ճանապարհին:

Միացյալ Թագավորության և Հայաստանի երկկողմ հարաբերություններն արդեն իսկ ամուր են, սակայն կցանկանայի տեսնել դրանց հետագա ամրապնդումը, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և միջխորհրդարանական համագործակցության ոլորտներում: Հուսով եմ` կարող ենք համատեղ աշխատել միջազգային ասպարեզում՝ համաշխարհային մարտահրավերները դիմագրավելու, համընդհանուր արժեքները խթանելու և օրինահենք միջազգային համակարգն ամրապնդելու ուղղությամբ»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am