ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի գործով բողոքը

Armenpress 17:00, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ,25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի գործով բողոքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն, ով ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում էր Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ:

«Բողոքի ընդունման որոշումը ստացել եմ »-, ասաց Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի ազատ արձակման վերաբերյալ տեղեկություններին, փաստաբանը նշեց, որ տեղեկությունը ճշտված չի:

«Խափանման միջոցի վերաբերյալ որևէ որոշում չեմ ստացել»,- ասաց Քալաշյանը:

Ճշտող հարցին` արդյո՞ք հնարավոր է, որ այսօրվա ընթացքում այդ հարցի վերաբերյալ որոշումը ստանա, նա պատասխանեց, որ չի կարող ասել, թե երբ կստանա:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ  հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին  մասով  և  դատապարտվել 6  տարվա ազատազրկման:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am