Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Armenpress 23:46, 8 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակներում։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնի ստանձման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ: Հայաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ավելի վաղ ՌԴ նախագահը նաև շնորհավորական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am