Թուրքիայի քրդամետ կուսակցությունը Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով կդիմի ՍԴ և ՄԻԵԴ

Armenpress 12:22, 8 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նախագահական ընտրություններում իր թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին բանտից ազատ արձակելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով T24 լրատվամիջոցը, այս մասին  հայտնել է կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Դանըշ Բեշթաշը:

Նա հայտնել է, որ այս հարցով իրենք արդեն դիմել են բարձրագույն ընտրական հանձնաժողով: «Դեմիրթաշի թեկնածությունը շատ արժեքավոր է: Դա նաև ժողովրդավարական քաղաքականության ապացույցն է»,- ասել է Բեշթաշը՝  նշելով, որ իրենց թեկնածուն պետք է դուրս գա բանտից և նախընտրական քարոզարշավին մասնակից ազատության մեջ: «Ընտրությունները պետք է անցկացվեն արդար ու ազատ պայմաններում»,- ընդգծել է Բեշթաշը:

Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում: Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում:

Սելահաթթին Դեմիրթաշը մասնակցել էր 2014 թվականի նախագահական ընտրություններին՝ հավաքելով 7 տոկոս ձայն:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նրան է սատարում նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածուն Մուհարեմ Ինջեն է, «Լավ» կուսակցության թեկնածուն՝ այդ կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները:

Նախագահական ընտրություններին իրենց թեկնածուներին են գրանցել նաև «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը՝ Դողու Փերինչեք, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցությունը՝ Թեմել Քարամոլլաօղլու և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցությունը՝ Վեջդեթ Օզ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am