«Ելք» դաշինքում միշտ կան, եղել են և կլինեն հակասություններ. Նիկոլ Փաշինյան

Armenpress 12:39, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» դաշինքում բոլոր հարցերի վերաբերյալ միշտ տարաձայնություններ կան և լինում են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն դաշինքում տարաձայնություններ կա՞ն վարչապետի ապագա թեկնածուի նկատմամբ ցուցաբերվելիք վերաբերմունքի հարցում:

«Մեր դաշինքում միշտ կան տարաձայնություններ ամեն ինչի վերաբերյալ: Մենք այնպիսի դաշինք չենք, որտեղ գործում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, որ կա բացարձակ ճշմարտություն և բոլորը դիրքավորվում են այդ ճշմարտության շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ «Ելք» դաշինքում միշտ կան, եղել են և կլինեն հակասություններ: «Մինչև օրս մենք այդ բոլոր հարցերը կարողացել ենք քննարկել, ինչի արդյունքում եկել ենք  համաձայնության: Հույս ունեմ, որ այս հարցում էլ կգանք համաձայնության»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դաշինքում քննարկումները շարունակվում են, և երբ լինի վերջնական որոշում, բոլորը կիմանան այդ մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am