Գայանե Սարգսյան. Մեկ անգամ Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ
Օլեգ Եգորով-Ռակովսկին ԱՄՆ-ից է: Որպես Խաղաղության կորպուսի կամավոր աշխատում է Վանաձորում: Տեսնել ու լսել է պետք, թե ինչպիսի հիացմունքով է խոսում Հայաստանի ու հայ ժողովրդի մասին.
«Ես նախկինում երբեք չէի եղել Հայաստանում: Նախ՝ երեք ամիս Արարատյան դաշտավայրում գտնվող փոքրիկ գյուղում՝ Տափերականում, սովորեցի հայերենը: Ինձ շատ է դուր գալիս հայոց լեզուն, հայերենի մեղեդայնությունը շատ գեղեցիկ է: Հայերենն օտար ու հարազատ է միաժամանակ:
Ընտանիքը, ում հետ ապրում էի Տափերականում, ինձ սովորեցրեց սիրել Հայաստանը: Ընտանիքի հայրը մտածում էր, որ իսկական հայը պետք է ապրի Տափերականում՝ Արարատ լեռան ստվերում: Այդ ամենով հանդերձ նա Տափերականից դուրս գտնվող Հայաստանին նայում էր մեծագույն սիրով...
Հայաստանում ես մշտապես հետաքրքիր հանդիպումներ եմ ունենում: Վերջերս որոշեցի փոխել ժամացույցիս մարտկոցը: Վանաձորի քաղաքային շուկայում դժվարությամբ գտա այն փոքրիկ պատուհանը, որից այն կողմ մարգարեի տեսքով նստած էր ժամագործը: Նա վերցրեց ժամացույցս, փոխեց մարտկոցն ու ասաց՝ հաջողություն: Ասացի՝ կներեք, բայց ես պետք է ձեզ վճարեմ, չէ՞: Ասաց՝ ոչ: Տեսնելով, որ անհարմար եմ զգում, ասաց՝ դե լավ, գուցե միասին սո՞ւրճ խմենք: Համաձայնեցի, մտածելով՝ միգուցե միայնա՞կ մարդ է: Պարզվեց՝ ոչ: Մինչ մենք սուրճ էինք խմում, շուկայի վաճառողներն անընդհատ գալիս-գնում էին նրա մոտ: Մեկը նուռ էր բերում, մյուսը՝ ծիրան... Նա վերցնում էր այդ ամենը, ինձ հետ կիսում ստացածը... Ֆենոմենալ է, չէ՞: Այդպիսի բան դժվար է պատկերացնել Նյու-Յորքում, շատ դժվար:
Ես բազմաթիվ երկրներում եմ եղել, որոնք հայտնի են իրենց հյուրընկալությամբ, բայց ամեն տեղ այդ հյուրընկալությունը պայմանավորված է ավանդույթներով կամ որովհետև այդպես է պետք: Իսկ Հայաստանում, Վանաձորում դա կա ուղղակի, առանց նախապայմանների:
Բոլոր հայերի մոտ ինչ-որ հուզիչ դրամա կա, բայց վանաձորցիների մոտ դրան գումարվում է նաև նաիվությունը: Դուք աշխարհին այլ կերպ եք նայում...
Վանաձորում կա այն ամենը, հանուն ինչի արժե սիրել այս քաղաքը: Ես վանաձորցի չեմ, բայց ես սիրում եմ իմ ճանաչած Վանաձորը:
Այնպիսի լեռներ, որոնք Վանաձորի շուրջ են, ոչ մի տեղ չկա: Վանաձորում լեռները շատ բաց, անկեղծ ու բնական են: Վանաձորը նման է շատ անկեղծ ու ցածրաձայն երգի, որը դիպչում է սրտիդ ու շոյում հոգիդ...
Ես ապրել ու աշխատել եմ շատ երկրներում, բայց զգացողությունները, որ ունեցա Վանաձորում այս Նոր տարուն, երբևէ ոչ մի տեղ չեմ ունեցել: Դեկտեմբերի 31-ին կեսգիշերից հետո ինձ զանգահարեցին ընկերներս ու ասացին՝ գնում ենք մի լավ մարդու տուն: Գնացինք: Տանը մեծ, տոնական սեղան էր գցված: Ընտանիքի անդամներին ես չէի ճանաչում, բայց բոլորն այնքա՜ն սիրալիր էին... Երեկոյան, երբ մենք նստել էինք 8-րդ տան սեղանի շուրջ, մտածում էի՝ իմ այցելած բոլոր տներից ստացած ջերմությունն այնքա՜ն անսահման էր:
Դուք շատ եք տարբերվում այս տարածաշրջանում ապրող բոլոր ազգերից:Հայերի մեջ ինչ-որ հուզիչ քնքշություն կա, որը չկա այլ ազգերի մեջ:
Ինձ համար Հայաստանը հայերն են: Խորհրդային տարիներին հայերը հայտնի էին որպես ճանաչված երաժիշտներ, ֆիզիկոսներ, ճարտարապետներ... Մոսկվայում շատ մայրեր էին երազում իրենց դուստրերին ամուսնացնել հայերի հետ, որովհետև այստեղ արևն ուրիշ էր, երկիրն ուրիշ էր, և ուրիշ էին հայ տղամարդիկ: Ես ուզում եմ, որ այդ ամենը վերադառնա: Ես ուզում եմ, որ հայերն իրենց տեսնեն իմ աչքերով ու լսեն իմ բառերով:
Ձեզ՝ հայերիդ, պետք է գտնել այն ուղին, որով կկարողանաք վերականգնել գենետիկ հիշողությունն այն մասին, թե որքա՜ն հզոր ժողովուրդ եք դուք: Հազարամյակներ անցած հայն այսօր էլ ապրում է յուրաքանչյուր հայի մեջ:
Դուք՝ բոլորդ, ով էլ որ լինեք, որտեղ էլ լինեք, դուք բոլորդ ապրում եք Արարատի ստվերում: Դա չպետք է մոռանալ: Պետք է հպարտանալ դրանով...»:- Դեռ երկար ոգևորված պատմում էր Օլեգ Եգորով-Ռակովսկին…
Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:
Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:
«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին: