«Մեկ անգամ Հայաստանում». երկարաձգվում է զբոսաշրջային պատմությունների մրցույթի հայտերի ընդունման ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերության, «Արմենպրես» լրատվական գործակալության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի հայտարարած «Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթի հայտերի ընդունման ժակմետը երկարաձգվում է մինչև հունվարի 25-ը:
Կազմակերպիչներն այս որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով մրցույթի նկատմամբ հետաքրքրության բարձր ցուցանիշն ու բազմաթիվ ընթերցողների և մասնակցության ցանկություն ունեցողների խնդրանքը:
Մրցույթին կարող են ներկայացվել պատմություններ հետևյալ բովանդակությամբ.
- Պատմություն, որի հերոսը հեղինակն է
- Պատմություն, որի կենտրոնում Հայաստան այցելած զբոսաշրջիկն է
Ակնկալվում է պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:
Մասնակցության պահանջներն են.
- Տեքստի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 500 բառը:
- Պատմությունները պետք է ներկայացվեն հայերենով:
- Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած երկրից:
- Մրցույթը կմեկնարկի 2017 թվականի դեկտեմբերի 21-ին և կավարտվի 2018 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 16:00-ին:
- Պատմությունները պետք է ուղարկել contest@armenpress.am հասցեին` «Մի անգամ Հայաստանում» թեմայով (subject line):
- Պատմությունների հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաեւ անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամարը եւ բարձր որակի լուսանկար, որը կհրապարակվի պատմության հետ (անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է):
- Ներկայացվող պահանջները չբավարարող հայտերը կորակազրկվեն և մրցույթին չեն մասնակցի:
- Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հունվարի 20-ին:
- Պարգևատրման արարողության մասին կհայտարարվի լրացուցիչ:
Մրցույթի մասնակիցը երաշխավորում է.
- Պատմության հեղինակը լինելու հանգամանքը:
- Պատմության նախկինում որևէ կերպ չհրապարակված լինելը (տպագիր կամ էլեկտրոնային տեսքով):
- Այն, որ պատմությունը գրվել է հատուկ «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի համար:
Մրցանակ
Մրցույթի արդյունքում կընտրվի երկու հաղթող` յուրաքանչյուր բովանդակության համար մեկական մրցանակ:
Հաղթողները կստանան անվճար անվանական տոմս Երևան-Բեյրութ-Երևան կամ Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղղությամբ:
Մրցույթին ներկայացված և որակավորում ստացած բոլոր պատմությունները հրապարակվելու են www.armenpress.am կայքի «Մեկ անգամ Հայաստանում» խորագիրը կրող հատուկ բաժնում:
Հաղթող նյութերը կթարգմանվեն և կտեղադրվեն www.armenia.travel Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական կայքէջում:
Մրցույթի հաղթողներին կորոշի «Արմենիա» ավիաընկերության, «Արմենպրես» լրատվական գործակալության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի համատեղ ժյուրին: