Դատարանը մերժեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

Armenpress 15:58, 13 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ,13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատավորը ներկայացրեց պաշտպանների կողմից Տաթևիկ Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը. «Պաշտպան Արայիկ Պապիկյանի հունիսի 13-ին ներկայացված միջնորդությունը նախագահ դատավորի կողմից ինքնաբացարկ ներկայացնելու մասին մերժել` անհիմն լինելու պատճառով»:

Դատավոր Գրիգորյանը ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին հորդորեց հարգալից վերաբերվել դատարանին, սակայն վերջինս շարունակում էր տեղից խոսել, ուստի դատավոր Գրիգորյանը որոշում է կայացնում 3 ժամով հեռացնել դատական նիստերի դահլիճից ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին: Այնուհետև դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:

Հունիսի 13-ին մեկնարկած դատական նիստում դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը գրավոր տեսքով դատավորին էր հանձնել պաշտպան Արայիկ Պապիկյանը: Միջնորդությանը միացել էր նաև պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Միջնորդությանը դեմ էր հանդես եկել մեղադրող կողմը՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am