Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Մակրոնը խոստանում է ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ

Armenpress 12:21, 20 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը ընտրվելու դեպքում կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մակրոնը նշել է Nouvelles d'Armenie-ի հետ հարցազրույցում:

«Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Ֆրանսիան աշխատում է միջազգային իրավունքի համապատասխան, բանակցված լուծում գտնել Ղարաբաղի հարցում: Այս համատեքստում է, որ ի հայտ է գալիս ճանաչման (Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման –խմբ.) հարցը: Մեր երկիրը պետք է լիովին իր դերը խաղա այս հարցում»,- նշել է Մակրոնը:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղի հարցով 2014թ. Փարիզում կայացած գագաթնաժողովից հետո համապատասխան ջանքեր չեն ներդրվել: Մակրոնը ցանկանում է կրկին ջանքեր ներդնել խնդրի այնպիսի լուծում գտնելու ուղղությամբ, որով միաժամանակ կհարգվի և՛ տարածքային ամբողջականության, և՛ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: «Ճանապարհն, իհարկե, բարդ է, սակայն մենք պետք է առաջ շարժվենք»,- ընդգծել է Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am