ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է միշտ աջակցել «Վերածնունդ» միջազգային փառատոնին

Armenpress 10:31, 20 Ապրիլ, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը միշտ պատրաստ է աջակցել երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնին: Այս տարի այդ աջակցություն ավելին էր, քան անցած տարիներին՝ նախարարությունն ավելացրել է տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ կարևորելով փառատոնի մեծ դերն ու նշանակությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Անչափ շատ եմ կարևորում «Վերածնունդ» փառատոնը, քանի որ արդեն իններորդ անգամ փառատոնը կարողացավ և կարողանում է Գյումրին ներդնել օտար մասնակիցների սրտերի և հոգիների մեջ, և յուրաքանչյուր մասնակից ամեն տարի իր հետ տանում է Գյումրիից մի հատված՝ դառնալով Գյումրվա և Հայաստանի մշակութային դեսպանը: Մեր աջակցությունն այս տարի ավելին էր ոչ միայն նրա համար, որ այն անցկացվում է Գյումրիում, այլև, որ իսկապես լուրջ արժեք է ներկայացնում մեր մշակութային կյանքում»,- նշեց մշակույթի նախարարը` վստահեցնելով, որ փառատոնն ամեն տարի նոր թափ կստանա ու նոր ճանապարհներ կբացի երիտասարդ արվեստագետների համար:

Փառատոնի շնորհիվ տարիների ընթացքում ավելացել է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների թիվը, ինչն, ըստ նախարարի, հենց փառատոնի հաջողության մասին է խոսում: «Շատ ուրախալի է ու ողջունելի՝ բացահայտելով նոր անուններ, փառատոնը նրանց ներկայանալու յուրահատուկ հնարավորություն է տալիս, իսկ վերջիններս փորձում են իրենց ուսումը շարունակել բուհում»,- հավելեց Արմեն Ամիրյանը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am