Ֆրանսիայի նորանշանակ ՆԳ նախարարն ընդգրկված է ադրբեջանական «սև ցուցակում»

Armenpress 21:37, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նորանշանակ ներքին գործերի նախարար Բրունո լը Ռուն ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2015թ-ի սեպտեմբերին մի խումբ ֆրանսիացի խորհրդարանականների հետ այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Ֆրանսիացի օրենսդիրներն այն ժամանակ այցելել են նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ:

Այս առնչությամբ դեկտեմբերի 7-ին կրկին հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Բրունո լը Ռուն այցելել է «ադրբեջանական գրավյալ տարածքներ» առանց Բաքվի թույլտվության` այս կերպ խախտելով «օրենքը, երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»:

Ադրբեջանական «սև ցուցակում» ընդգրկված են մի շարք ֆրանսիացի օրենսդիրներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am