Թուրքիայում ձերբակալվել են 3 քուրդ գավառապետեր
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը այս անգամ Քրդստանի բանվորական կուսակցության(PKK) անդամներին բացահայտելու նպատակով հետախուզական գործողություններ է իրականացրել քրդաբնակ Հաքքարի նահանգի ինքնակառավարման մարմիններում :
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com-ը:
Հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 8 մարդ, որոնց մեջ են Յուքսեքովա, Շեմդինլի եւ Չուքուրջա գավառների գավառապետերը:
Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի Յուքսեքովա շրջանում ձերբակալվել էր Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) պարագլուխներից մեկը համարվող Շերհենք Այբարը:
PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայում եւ հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ ազատազրկման էր ենթարկել Մարմարա ծովի Իմրալի բանտում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) զինված պայքարը վերսկսել է :