Տավուշում կայացել է բուժքույրերի գիտաժողով

Armenpress 19:52, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի բուժքույրերի միավորում», «Հայաստանի լյարդաբանների ասոցացիա» հասարակական կազմակերպությունների և ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի նախաձեռնությամբ ու  ՀՀ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ կայացել է մարզի բուժքույրերի առաջին գիտաժողովը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

«Հայաստանի բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանն նշել է, որ աշխարհում առողջապահությունը զարգանում է մեծ արագությամբ, ինչը  պահանջում է մասնագիտական ունակությունների համարժեք կատարելագործում: Նա տեղեկացրել է, որ  բուժքույրերի  գիտելիքների,  մասնագիտական կարողությունների բարձրացման, վերապատրաստման հարցերը  մշտապես միավորման ուշադրության կենտրոնում են:

 Միջոցառմանը մասնակցել է  200  բուժքույր: ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը, կարևորելով միջին բուժանձնակազմի դերը և մասնակցությունը ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործին, ներկայացրել է ներհիվանդանոցային վարակների  կանխարգելման միջազգային սկզբունքները, մասնավորապես` վարակի հսկողության թափոնների անվտանգ գործածության, մասնագիտական մոտեցումների վերաբերյալ թեմաները:

Առանձնահատուկ շեշտվել են նաև արյան միջոցով փոխանցվող վիրուսային հեպատիտների կանխարգելման, հիվանդության վաղ հայտնաբերման հարցերը: Այս թեմայի շուրջ, աշխարհում ու Հայաստանում վիրուսային հեպատիտների  վիճակագրական տվյալների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան, լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

 Գիտաժողովի ավարտին որոշում է կայացվել ստեղծել «Հայաստանի բուժքույրերի միավորում» ՀԿ-ի  Տավուշի մարզի մասնաճյուղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am