Երևանյան բեսթսելեր 4/40. Ցանկում 2 նոր գիրք է ընդգրկվել
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Էդուարդ Հարենցի «Խազագրումներ ըստ ծնեբեկի» բանաստեղծությունների ժողովածուն, որը հայոց լեզվի անսպառ հնարավորություններն ի ցույց դնող, միևնույն ժամանակ լեզվական որոշ տաբուներ հաղթահարող բանաստեղծի պոետական համարձակությունն է արտահայտում:
Երկրորդ հորիզոնականում կրկին նոր գիրք է: Հուսիկ Արայի «Երևան քաղաք» բանաստեղծությունների ժողովածուն հեղինակը նվիրել է, իր գնահատմամբ, իսկական երևանցի Մհեր Դավոյանի հիշատակին, ում հետ ինքը ճանաչել, բացահայտել ու սիրել է Երևանը: Գրքում ներառված է 25 բանաստեղծություն և մեկ պոեմ՝ նվիրված անկախության շրջանի Երևանին:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը կրկին մեր ցանկում է: Այս անգամ այն երրորդ տեղում է: Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում։
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը զիջել է դիրքերը և չորրորդն է ցանկում: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը բարելավել է դիրքերը և հինգերորդն է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Վեցերորդ տեղում է Էդգար Հարությունյանի՝ «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն:
Անկախության շրջանի հայ գրականության ամենապետականամետ գրող Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վերադարձել է ամենավաճառվածների ցանկ և յոթերորդն է: Վեպը Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է ապրողներին և երկրի ապագան կերտողներին։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար:
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպն այս շաբաթ ութերորդն է: «Ախպարները» հեղինակի առաջին ստեղծագործությունն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմություն` Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Այն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից և արժանացել գրականագետների բարձր գնահատականին:
Իններորդ հորիզոնականում է Ադոլֆո Բիոյ Կասարեսի «Մորելի գյուտը» վեպը, որն արդարև համաշխարհային ֆանտաստիկ գրականության գլուխգործոցների թվին է դասվում: Պատմում է ամայի մի կղզում ապաստանած Ռոբինզոնի նման փախստականի մասին, որը մի օր հանկարծ հայտնաբերում է, որ կղզում ինքը միայնակ չէ: Հետագա դեպքերը ծավալվում են գաղտնիքը բացահայտելու շուրջ, որ անձնազոհ սիրո պատմություն է նաև: Վեպն իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը, հրատարակել` «Անտարես»-ը:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան»-ը: Գրքում ներառված են XX դարի մեծագույն գրողներից մեկի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի ինքնատիպ խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակի և մետաֆիզիկան ու աստվածաբանությունը իջեցնել ֆանտաստիկայի մակարդակի: Իսպաներենից թարգմանել են Հովհաննես Բոդուկյանը և Կառա Չոբանյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 ՆորԷդուարդ Հարենց
«Խազագրումներ ըստ ծնեբեկի»
Անտարես 52 2 ՆորՀուսիկ Արա
«Երևան քաղաք»
Անտարես 42 3 *Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ պրինտ 31 4 -2Մարկ Արեն
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
Բուկինիստ 30 5 +4Սպենսեր Ջոնսոն
«Ո՞ւր է իմ պանիրը»
Էդիթ պրինտ 22 6 -2Էդգար Հարությունյան
«Նվիրելու արվստը, կամ ձոն վարդին»
Անտարես 20 7 *Լևոն Խեչոյան
«Մհերի դռան գիրքը»
Անտարես 20 8 -7Նարեկ Գալստյան
«Ախպարները»
Անտարես 19 9 *Ադոլֆո Բիոյ Կասարես
«Մորելի գյուտը»
Անտարես 19 10 *Խորխե Լուիս Բորխես
«Բաբելոնյան գրադարան»
Անտարես 18Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024