Մամեդյարովը խոսել է Համբուրգում ՀՀ արտգործնախարարի հետ հնարավոր հանդիպման ձևաչափի մասին

Armenpress 16:09, 29 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Համբուրգում համանախագահողների հետ հանդիպումը կարող է կայանալ 2+3 ձևաչափով: Այսինքն՝ հնարավոր հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտգործնախարարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Երբ ես Ֆրանսիայում էի, եղավ առաջարկ, որ հանդիպումն անցկացվի 2+3 ձևաչափով, այսինքն՝ երկու կողմերն ու համանախագահող երկրների նախարարները»,- ասել է Մամեդյարովը` հայտնելով, որ իրենք դրական պատասխան են տվել առաջարկին:

Անդրադառնալով ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների փոփոխության հարցին` նա կարծիք է հայտնել, որ դա իրադրությունը չի փոխի: «Ֆրանսիացի նոր համանախագահը ծանոթ է տարածաշրջանի հետ, փորձառու դիվանագետ է: Օրինակ, Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումն անց էր կացվել Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսարանում, երբ այդ մարդն էր հյուպատոս: Երևի, նա լրջորեն զբաղվի այդ հարցով»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նա հայտնել է նաև, որ Համբուրգի հանդիպումը վերջինը կլինի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: «Թե ով է աշխատելու նրա փոխարեն, կախված է պետդեպարտամենտից: Նոր համանախագահի անունը հայտնի կդառնա նոր վարչակազմի ձևավորումից հետո»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am