ՆԱՏՕ-ն շահագրգռված է շարունակել Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը

Armenpress 18:53, 18 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիին, ով Հայաստան է ժամանել «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստան -ՆԱՏՕ համագործակցությունը, կարևորեց Հայաստան- ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) հաջող իրականացումը, ինչպես նաև 2017-2018թթ. համար նոր անհատական ծրագրի մշակումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է իր հարաբերությունները Հայաստանի հետ ու շահագրգռված է շարունակել փոխշահավետ համագործակցությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության, տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ ներգրավածության շուրջ։

Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am